Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի պաշտպանը միջնորդել է փոխել խափանման միջոցը. միջնորդությունը կքննարկվի այսօր
09:54, May 24, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. մայիսի 24-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արշակունյաց 24/1) կկայանա Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստ:
1,5 տարի տևած դատաքննությունը ընդհատվել է դատավոր Արթուր Օհանյանի՝ աշխատանքից ազատվելու հիմքով, ինչը ենթադրում է, որ դատաքննությունը վերսկսվելու է:
Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը միջնորդել է փոխել նրա խափանման միջոց կալանքը և որպես խափանման այլընտրանքային միջոց կիրառել 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավ:
Միջնորդությամբ պաշտպանը ուշադրություն է հրավիրել նրան, որ գործի քննության ողջ ընթացքում Հրաչյա Բոյաջյանին վերագրվող արարքները չեն նկարագրել ոչ գործով ներգրավված տուժողները, ոչ էլ՝ վկաները: Քրեական գործում նրա դեմ որևէ ապացույց առկա չէ: Այսինքն՝ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
Բացի դրանից վկաներն ու տուժողները հաստատել են, որ Սարի թաղի բնակիչները խաղաղ, առանց զենքի հավաք են իրականացրել կենցաղային խնդիրների լուծման նպատակով: Քանի որ թաղամասը զրկված էր էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումից, ինտերնետի, ուղևորափոխադրման ծառայություններից: