Սերժ Սարգսյանն ընդունո՞ւմ է սեփական պատասխանատվությունը Մ․ Գրիգորյանի գործողությունների առնչությամբ
10:20, June 19, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ ԱԺ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ-ի ներկայացրած տեսանյութի վերաբերյալ, որի վերջում ուղղակի ընդգծում է․«Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է»։
Scannews-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցից։ Մեր դիտարկմանը, թե արդյոք համակարծի՞ք է Ա․ Աշոտյանի այն պնդմանը, թե «Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է», Ա․ Սաքունցը պատասխանեց․
«Իհարկե, միանշանակ է, որ պետք է խնդիրը իրավական դաշտում քննարկվի և իրավական գնահատական տրվի օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի տեսակետից, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի տեսանկյունից։ Այսինքն՝ պետք է ապահովվեն պատշաճ ընթացակարգերը, և կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, որպեսզի մենք վստահություն ունենանք նախաքննության և դատաքննության նկատմամբ, որ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն է իրականացվել և մարդու մեղքն ապացուցվել է բոլոր ընթացակարգերով և պատշաճ հիմնավորումներով։ Սա մեկ։
Բայց, քանի որ խոսքը վերաբերում է ԱԺ պատգամավորի կողմից կատարված հանցագործությանը, ապա ինքը պետք է ունենա նաև քաղաքական գնահատական։ Եթե լիներ Պաշտպանության նախարար կամ որևէ այլ պետական մարմնի ղեկավար, միանշանակ է, որ պետք է տրվեր նաև քաղաքական գնահատական։ Հաշվի առնելով Հայաստանի կոնտեքստը՝ այն է, որ մենք տարիներ շարունակ պնդել ու բարձրաձայնել ենք համակարգային կոռուպցիայի ու անպատժելիության մասին, և որի անմիջական պատասխանատուն հանդիսացել է այդ ժամանակ կառավարող ՀՀԿ-ն, և որի ԱԺ խմբակցության անդամ է Մանվել Գրիգորյանը, ապա միանշանակ է, որ պետք է տրվի նաև քաղաքական գնահատական։
Ի դեպ, ոչ միայն Մանվել Գրիգորյանին, այլև ընդհանրապես ՀՀԿ-ի կողմից ավելի քան 20 տարի ամբողջ կառավարման ժամանակահատվածում մարդու իրավունքների զանգվածային շարունակական խախտումների, համակարգային և անպատժելի կոռուպցիայի համար պետք է տրվի քաղաքական գնահատական։ ՀՀԿ-ն ինքը պետք է առաջին հերթին հանդես գա քաղաքական հայտարարությամբ՝ որպես նախկին կառավարող իշխանություն, որի օրոք կատարվել է իր խմբակցության անդամի կողմից այդպիսի խայտառակ հանցագործություն։ Եվ նա, այսպես ասած, շարքային պատգամավոր չի, այլ այն անձն է, որի վրա հիմնված է հենց ՀՀԿ-ի իշխանությունը, այսինքն՝ ՀՀԿ-ի սյուներից մեկն էր։ Այսինքն՝ ՀՀԿ-ն գիտեր, թե ում վրա էր հենվում, և իրացնում իր իշխանությունը։
Որովհետև ինչքան էլ գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանար ԱԺ պատգամավոր դառնալ, իր իսկ խոսքերով քանի որ «համ մուրճը, համ մեխը» Սերժ Սարգսյանի ձեռքում էր, և վերջինս էր անձամբ որոշում կայացնում, թե ով կարող էր պատգամավոր դառնալ, հետևաբար Սերժ Սարգսյանի՝ որպես ՀՀԿ նախագահի և այն ժամանակվա ՀՀ նախագահի ուղղակի քաղաքական պատասխանատվության հարց է, որի վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնի և գանհատական տա ՀՀԿ-ն։
Ավելին՝ ես կարող եմ վստահեցնել, որ այն ամենի մասին, ինչ-որ ԱԱԾ-ի տեսանյութում ցուցադրվեց, տեղյակ է եղել անձամբ Ս․ Սարգսյանը, տեղյակ է եղել նաև ԱԱԾ-ն, բայց ընթացք չի տրվել։ Այնպես չէ, որ մեկ-երկու օրվա կամ ամսվա ընթացքում է այդ ամենի մասին իմացվել։ Վստահ եմ, որ դոսիեներ կոչվածը եղել է որպես կառավարման գործիք Ս․ Սարգսյանի ձեռքին այն բոլոր անձանց և խմբերի նկատմամբ, որոնց միջոցով իրացրել է իր իշխանությունը։ Եվ այդ դոսիեները չէին կարող վերացնել, կամ չհասցրին վերացնել, քանի որ թավշյա հեղափոխությունը՝ համաժողովրդական շարժումը, ժամանակ չտվեց, որ կարողանան վերացնել հետքերը։
Թեև մյուս կողմից այդքան հետքերը վերացնել հնարավոր չէ։ Այսինքն՝ մենք գործ ունենք հանցագործությունները իմանալու և կոծկելու փաստի հետ, որը քաղաքական իշխանության անմիջական պատասխանատվության հարց է։ Իսկ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի լռելը այդ հանցագործության կապակցությամբ և միայն նշելը, որ ամեն ինչ միայն իրավական դաշտում կլուծվի, նշանակում է խուսափել քաղաքական պատասխանատվությունից․ դա նշանակում է ընդունել նաև սեփական պատասխանատվությունը»։
Մեր դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանը միայնա՞կ կկրի պատասխանատվությունը, թե՞ անուններ կթվարկի, Ա․ Սաքունցը պատասխանեց․
«Մանվել Գրիգորյանը շատ վախկոտ մարդ է։ Նա իշխանությանը ծառայող էր և դրա դիմաց ստանում էր աջակցություն և իրեն այդպես էր պահում։ Դրա համար առավել քան վստահ եմ, որ ինքը անպայման անուններ կտա»։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին: