Նախորդ կոռումպացված համակարգի ամենատիպիկ ներկայացուցիչն է, նրա նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը․Ա․Սաքունց
10:42, June 19, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրեկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՔԿԾ նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին: «Արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը և հորդորել է անել առավելագույնը ժողովրդի սպասումները բավարարելու համար:
ՔԿՀ առաջ լուծելիք խնդիրներից նախարարը նշել է կոռուպցիան. «Կոռուպցիան պետք է վերանա համակարգից, և այն պետք է տեսանելի լինի Հայաստանի քաղաքացուն»:
Անվտանգության ծառայությունից՝ հիմնարկի պետ մեկ տարում
Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ մայոր, համակարգի հնաբնակ Ռաֆայել Նիկոլայի Հովհաննիսյանի հեռացումն այս պաշտոնից անակնկալ չէր ոչ համակարգի աշխատողների, ոչ կալանավայրերի բնակիչների համար: Իրավական և ուժային կառույցներում Արտակ Զեյնալյանի պաշտոնավարման առաջին իսկ օրից էին փորձում կռահել, թե ում նա կցանկանա տեսնել «գաղութների պետի» աթոռին և արդյոք կկարողանա ենթարկել իրեն այս սպեցիֆիկ կառույցը:
Հայաստանում քրեակատարողական համակարգի ղեկավարները երբեք չեն ենթարկվել արդարադատության նախարարներին, նրանց շրջանցելով մշտապես աշխատել են հանրապետության նախագահների հետ: Արդարադատության նախարարի ընտրությունը հիասթափեցնող է և այնքան անհաջող, որ համակարգում անմիջապես եզրակացրեցին․ սա չէր կարող Արտակ Զեյնալյանի որոշումը լինել: Սակայն չի բացառվում, որ Զեյնալյանը և Մխոյանը ընկերացած լինեն կառավարման ակադեմիայում ուսանելու տարիներին: Նրանք երկուսն էլ այդ հաստատությունն ավարտել են 2002 թվականին:
Հրապարակավ համակարգի աշխատակիցները խուսափում են իրենց տպավորությունները հայտնել նոր նշանակման կապակցությամբ: 2000-2009 թթ. Արտյոմ Մխոյանը կարիերայի աճ է ունեցել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, հարկադիր կատարողից հասնելով մինչև բաժանմունքի պետ ԴԱՀԿ տարբեր տարածաշրջանային ստորաբաժանումներում։
ԴԱՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Մխոյանին ազատելուց հետո այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը միջամտել է, որ Մխոյանին վերադարձնեն համակարգ, սակայն Միհրան Պողոսյանը կտրուկ մերժել է այս խնդրանքը, օգտվելով նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունից: Քրեակատարողական ծառայությունում Տաշիր Սամոյի «բարձր հովանավորությամբ», Մխոյանն անմիջապես նշանակվել է անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ՝ «Աբովյան» ՔԿՀ-ում, մի քանի ամսից նրան բերել են Երևան, նշանակելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ, մի քանի ամսից էլ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ են դարձրել։ 2015 թվականից Մխոյանին տեղափոխել են «Արթիկ», որտեղ նա հիմնարկի պետի պաշտոնում աշխատեց 3 տարի։
Նա հիշվել է «Տաշիր պիցցայի» տուփերով
Բավական է «մինի-հետաքննություն» կատարել այս երկու հիմնարկների նախկին դատապարտյալների և նրանց հարազատների շրջանում, պարզելու համար, թե ինչ անձնական որակներ և ղեկավարի «հմտություններ» ունի Արտյոմ Մխոյանը։ Վանաձորում մինչև հիմա հիշում են «Տաշիր պիցցա»-ի տուփերը, որոնք նրա պաշտոնավարման տարիներին բերդի պաշտոնյաների համար ընդմիջման ժամերին մատակարարում էր հայտնի ցանցի տեղական օբյեկտը։
«Ես մտնում էի նրա աշխատասենյակ, տարբեր մարդկանց խնդրանքով, որ նա բարելավեր նրանց վիճակը, ու դրա համար նա գումար էր ուզում։ Կալանավայրերում խավեր կան՝ ղումարբազների, հարուստների, երկարատև կալանք կրողների։ Հիմա էս կաշառակերներին, բաներին տանում են լցնեն կալանավայրեր, մեկը պետք է, որ սադիստաբար, պլետը ձեռին ջարդի, փշրի։ Նա դրա հիանալի վարպետն է։ Մյուս կողմից պրպտող ու աշխատող է, հնարավոր է, որ հաջողություն ունենա: Նա նաև բալանսը պահել է, կարողացել է չքավոր «մասսային» «թեթևի մեջ» լավություններ անի։ Նաև կազմակերպչական հմտություն ունի, անընդհատ շարժի մեջ է, պրպտող, նորություններ ստեղծող, ու դա կարող է դիմացի մարդկանց մոտ գոհունակություն ստեղծի», – ասում է Վանաձորի մեր աղբյուրը, որը ելումուտ է ունեցել Արտյոմ Մխոյանի մոտ այս կալանավայրի պետ լինելու ընթացքում։
Հիշեցնենք, որ Մխոյանի «Վանաձոր» ՔՀՀ պետի պաշտոնից հեռանալուց հետո այստեղ բացահայտվեց կոռուպցիոն խումբ, մեղադրանքներ առաջադրվեցին մոտ տասը պաշտոնյաների, որոնց մեծ մասը, մասնավորապես հիմնարկի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, աշխատել են նաև Մխոյանի օրոք։
Բուժօգնություն չտրամադրելը Արտյոմ Մխոյանի համար անհնազանդ դատապարտյալներին պատժելու ձև էր
Արտյոմ Մխոյանը՝ «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ների պետ աշխատելու տարիներին աչքի է ընկել դաժան վերաբերմունքով ազատազրկված անձանց նկատմամբ, հաճախակի նվաստացրել է նրանց արժանապատվությունը: Նրա դեմ տասնյակ բողոքներ են գնացել ՀՔԾ, որոնցից մեկով քրեական գործ է հարուցվել «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանի բողոքի հիման վրա:
2015 թվականին Այվազյանը հացադուլ էր հայտարարել, պահանջելով տեղաբաշխման հանձնաժողովից փոխել իր պահման ռեժիմը։ Մխոյանը հրաժարվել էր Այվազյանին տեղափոխել հացադուլավորների համար նախատեսված հատուկ պայմաններով խուց և պահել էր պատժախցում, առանց անկողնային պարագաների, նույնիսկ առանց մահճակալի, երկաթյա ցանցի վրա։
Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) սահմանած չափանիշներով հացադուլավորին անհրաժեշտ է մեկուսացնել, հակառակ դեպքում սա դիտարկվում է որպես խոշտանգում, քանի որ, տեսնելով, թե ինչպես են խցակիցները սնունդ ընդունում, հացադուլավորի տանջանքը կրկնապատկվում է։
Հայաստանում դատապարտյալներին պատժախուց՝ «կառցեռ», տեղափոխելը կալանավայրերում արմատացած պրակտիկա է, բողոքող անձին պատժելու միջոց, որը կալանավայրերիի ներկայիս ղեկավարը, փաստորեն, լայնորեն կիրառել է։ 2013 թվականին «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վլադիսլավ Եդիգարովը, կրկնահանցագործ, սպանության համար դատապարտված, որը Բաքվի փախստականներից է, երկաթե մահճակալից դետալներ էր պոկել եւ կուլ տվել։ Այդ մասին իմանալով՝ բերդի պետ Մխոյանը հրաժարվել էր դատապարտյալին բուժօգնություն տրամադրել: Նա ասել էր․
«Թող սոդայաջուր խմի, որ կուլ տված երկաթները դուրս գան»: Եդիգարովին տեղափոխել էին հիվանդանոց միայն, երբ նրա վիճակը ծանրացել էր։ Կարող էր օգնել դատապարտյալին, բայց չի օգնել, 2010 թվականին «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավոր մահացավ՝ Սլավիկ Ոսկանյանը, որին անհրաժեշտ բուժօգնություն չէր տրամադրվել։ Սլավիկ Ոսկանյանը Սյունիքի մարզից էր: Նա դատապարտված էր երկու տարվա ազատազրկման «Արմենթել» ընկերության մալուխը գողանալու համար:
Մահից մի քանի օր առաջ բուժքույրը տեղեկացրել էր այդ մասին հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանին, սակայն վերջինս ոչինչ չէր ձեռնարկել: Սլավիկ Ոսկանյանի մահից հետո նրա հարազատները դիմեցին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին, հարուցվեց քրեական գործ, սակայն ՀՔԾ-ն կարճեց վարույթը, հանցակազմի բացակայության հիմքով։ Ոսկանյանի հարազատները երկար դատական պրոցես սկսեցին քրեակատարողական հիմնարկի դեմ, պայքար տարան դատական բոլոր ատյաններում, բայց հաջողության չհասան:
Նրա շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Թումանյանը հայտնեց Forrights.am-ին․ «Սլավիկ Ոսկանյանի գործը ներկայումս Եվրոպական դատարանում է։ Կոմունիկացված է, սակայն կառավարությունը չի պատասխասնել Եվրոդատարանի հարցերին։ Հաշվի առնելով նոր իրողությունները խնդրել է, որ ՄԻԵԴ-ը ժամանակ տրամադրի կառավարությանը հարցերին պատասխանելու համար: Մեր դիրքորոշումը նա է, որ Սլավիկ Ոսկանյանը պատշաճ բժշկական օգնություն չի ստացել»։
Այդ նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը ևս Սլավիկ Ոսկանյանի աղմկահարույց գործով է զբաղվել, վստահեցնում է. «Գործի նյութերում կա մի փաստաթուղթ, որը ապացուցում է, որ Ոսկանյանը բուժօգնության կարիք է ունեցել, և հիմնարկի պետը չի ապահովել, և նա մահացել է: Սա հենց խոսում է այն մասին, թե ինչպիսին է այդ մարդու վերաբերմունը ազատազրկված անձանց նկատմամբ»:
Սաքունցը երկար ժամանակ աշխատել է նաև կալանավայրերը դիտարկող խմբում, նա բազմաթիվ բողոքներ է ստացել դատապարտյալներից, և խորհուրդ է տալիս. «Դիմեք նրանց: Արտյոմ Մխոյանի մասին ամենաճիշտ կարծիքը կարող են հայտնել կալանավորները: Նա նախորդ կոռումպացված համակարգի ամենատիպիկ ներկայացուցիչն է, և այդ նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը,- ասում է Սաքունցը, – Շատ կարևոր է, թե ով է նրա թեկնածությունները առաջարկել»: