ԲՍՓ գործակալության պետի տեղակալի անձի փոփոխությամբ պարտավորություններն ու լիազորությունները չեն փոփոխվում
16:04, June 28, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2013 թ.-ից հաշմանդամության կարգ ունեցող Ն. Ս.-ը 2018 թ.-ի ապրիլի 20-ին զրկվել է հաշմանդամության կարգից և այդ որոշումը բողոքարկել է ԲՍՓ գործակալություն:
Ն. Ս.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վարչական բողոքը ԲՍՓ գործակալության պետի տեղակալին ներկայացրել է 2018 թ. հունիսի 6-ին, և քանի որ Գործակալության պետ Ա. Սողոյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցված է, իսկ Գործակալության պաշտոնական կայքում որպես պետի տեղակալ այդ պահին նշված էր Հարություն Հարությունյանը, բողոքն ուղղվել է նրան:
Բողոքը ներկայացնելուց օրեր անց՝ 2018 թ. հունիսի 15-ին, Ն. Ս.-ն ստացել է ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Նունե Շահվերդյանի գրությունն այն մասին, որ «բողոքը հետ է վերադարձվում, քանի որ [….] ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալը տիկին Նունե Բագրատի Շահվերդյանն է»:
Թե որ իրավական ակտով է առաջնորդվել տիկին Շահվերդյանը վարչական բողոքը քաղաքացուն հետ վերադարձնելիս, նրա գրությամբ մեջ նշված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով բողոքը հետ է վերադարձվում, եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես դա ստացած վարչական մարմնի, այնպես էլ որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ:
Տվյալ դեպքում բողոքով բարձրացված հարցը ԲՍՓ գործակալության իրավասության տիրույթում է, եթե անգամ նրա տիրույթում չէ, պարտավոր էին վերահասցեագրել համապատասխան մարմնին, հետևաբար՝ բողոքը հետ վերադարձնելու որևէ հիմք ԲՍՓ գործակալության պետի տեղակալը չի ունեցել:
Սրանով տիկին Շահվերդյանը խախտել է վարչարարության օրինականության, ձևական պահանջները չչարաշահելու, կամայականության արգելքի սկզբունքն ու ձևական վարչարարաությամբ ձգձգել բողոքի քննությունը:
Ն. Ս.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ երկրորդ անգամ է բողոքն ուղղել իրավասու մարմնին, արդեն Նունե Շահվերդյանի անունով: Բողոքին կից գրությամբ հայտնել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը բողոքը վերադարձնելու՝ Ն. Շահվերդյանի վկայակոչած հիմքը չի սահմանում: