«Այնպես չէ, որ մենք իշխանությունների քայլերը հալած յուղի տեղ ենք ընդունում». ըստ իրավապաշտպանի՝ այժմ քննադատությունն ու մոտեցումներն արդեն ազդեցություն ունեն
17:46, June 29, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում նոր իշխանությունների ձևավորումից հետո քաղաքացիական հասարակությունը մասնակցում է երկրում խնդիրների լուծմանն ու հետևում դրանց: Բարիկադային մոտեցումը, որը կար Հայաստանում իշխանության ու քաղհասարակության միջև նախորդ իշխանության ժամանակ, այսօր չի կարող գործել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հավելելով, որ այսօր Հայաստանի իշխանության ու քաղաքացիական հասարակության հարաբերություններն ավելի շատ համագործակցային բնույթ ունեն:
Երկրում կատարվող փոփոխությունների համատեքստում մտահոգություններ են հնչում, որ քաղաքացիական հասարակությունը կարող է կորցնել իր դեմքը և իշխանության պաշտպանության դիրքերից հանդես գալ: Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչ պետք է անել, որ քաղհասարակությունը չվերածվի իշխանության խոսափողի:
«Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն իշխանություններին հսկելու գործառույթը չիրականացնեին, այդ ժամանակ կարելի էր ասել, որ քաղհասարակությունը կորցնում է իր դեմքը»,-ասում է նա:
«Ընդամենը մեկ ամիս է, ինչ այս իշխանությունը գոյություն ունի: Եվ սա նախորդ իշխանության տրամաբանական շարունակությունը չէ, և նույն բովանդակությամբ ու բնույթով չպետք է լինի այդ հսկողությունը: Քաղհասարակության հսկողական գործառույթն այսօր ուղղելու, պահանջելու, հորդորելու բնույթ ունի: Մենք սուր քննատատություն ենք անում, երբ ծայրահեղ դեպքեր են լինում, երբ տեսնում ենք, որ քայլ կա, որը մտահոգություն է առաջացնում: Բայց մենք համոզված ենք, որ այս իշխանությունը քաղաքական կամք ունի»,- ասում է Արթուր Սաքունցը: Նրա խոսքով ՝ զարգացած երկրներում, ինչպիսիք Նորվեգիան կամ Գերմանիան են, տպավորություն է ստեղծվում, որ քաղհասարակությունը իշխանության շարունակությունն է, բայց այդպես չէ:
Քաղաքացիական հասարակությունը՝ հանձինս այն մարդկանց, ովքեր այսօր գործում են դաշտում, ըստ Սաքունցի, իրենց դեմքը չեն կորցնելու: Պարզապես մի բան պահանջելուց առաջ պետք է նաև մասնակցել խնդիրների լուծմանը, այդ հնարավորությունն օգրագործել, առաջարկություններ անել, ինչ-որ տեղ նաև սովորեցնել: «Իսկ եթե տեսնենք, որ տեղ չի հասնում, քննադատելը միշտ էլ լինելու է»,- ասում է նա:
Իրավապաշտպանը հավելում է.
«Նախևառաջ պետք է արձանագրել հետևյալը. այս իշխանությունը իրապես ձևավորվել է ժողովրդի մեծամասնության կամքով, որում նաև քաղաքացիական հասարակությունն է ներգրավված: Այսինքն՝ մենք երկար ժամանակ ձգտել ենք այնպիսի իշխանություն ունենալ, ինչպիսին ներկայիս իշխանությունն է, որը հաշվի է նստում հանրային կարծիքի հետ, թափանցիկ է, հաշվետու: Բայց միաժամանակ մենք գիտակցում ենք, որ իշխանությունն ունի լուրջ խնդիրներ, նկատի ունեմ թե կարողությունների, թե հնարավորությունների առումով: Գոյություն ունեցող պետական ինստիտուտները երկար ժամանակ աշխատել են ավտորիտար, կոռումպացված իշխանության տրամաբանության շրջանակներում, և այս նոր խնդիրների լուծմանը սովոր չեն: Սահմանադրության, օրենքի առաջ հավասար պատասխանատվության, իրավունքի գերակայության սկզբունքները, որոնք սահմանադրական են, պետական ինստիտուտների համար ուղենիշ չեն եղել: Ունենք ծանր ժառանգություն, և այդ ծանր ժառանգության մասին քաղաքացիական հասարակությունը տարիներ շարունակ բարձրաձայնում էր, քննադատում, որ նախորդ իշխանությունները գնում են ոչ թե խնդիրների լուծման, այլ խնդիրների կուտակման ճանապարհով: Հիմա բնական է, որ այս նոր պայմաններում քաղհասարակությունը պետք է անպայման իր վարքագիծը փոխի՝ ելնելով ստեղծված հնարավորություններից»,- ասում է Սաքունցը:
Այն խաղի կանոնները, որոնք մշակվել էին նախորդ ժամանակահատվածում և լուծումներ չէին ունենում, հիմա պետք է ներկայացնել նոր իշխանություններին: Իսկ այդ ներկայացնելու ժամանակ, ըստ իրավապաշտպանի, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ քաղհասարակությունը իշխանության մաս է կազմում:
«Ոչ, նախևառաջ պետք է խնդիրները ներկայացնել, այնուհետև լծվել այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք բոլորին են վերաբերում: Եվ շատ տարօրինակ կլիներ, եթե մենք ձեռքներս ծալած նստեինք, տեսնեինք՝ անելո՞ւ են, թե՞ ոչ, գիտակցելով, որ այդ նոր խնդիրների լուծման համար համապատասխան մարդկային ռեսուրսները շատ սահմանափակ են: Եղած կադրային ռեսուրսները Մելիք-Ադամյանով անցածներն են կամ նրանք, ովքեր պատրաստ էին Մելիք-Ադամյանով գնալ: Այս պայմաններում պետք է իշխանություններին աջակցել, ոչ թե դիտորդի դերում լինել»,- ասում է նա:
Ըստ Սաքունցի՝ քաղհասարակությունը չի կարող կորցնել իր դեմքը, դառնալ իշխանությունների խոսնակը, քանի որ արդեն իսկ քննադատել են նոր իշխանություններին: Որոշ կադրային նշանակումներ, իրավապաշտպանը հիշեցնում է, արժանացել են իրենց քննադատությանը:
«Այնպես չէ, որ մենք իշխանությունների քայլերը հալած յուղի տեղ ենք ընդունում, պարզապես մեր մոտեցումներն ու գնահատականները ներկայացնում ենք ոչ թե այն ակնկալիքով, որ քննադատում ենք և ներքուստ համոզված ենք, որ հաշվի չեն առնելու, այլ հակառակը՝ համոզված ենք, որ հաշվի են առնելու: Ավելին, մենք տեսնում ենք, որ մեր մոտեցումներն ազդեցություն են ունենում»,- նշում է Արթուր Սաքունցը: