Լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքը վերաքննիչ դատարանը մերժեց
18:04, July 3, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. հուլիսի 3-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց լրագրող Արփի Մախսուդյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը:
Դատարան բողոք էր ներկայացվել անցած տարվա մայիսին լրագրողի տուն մտած ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ:
Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում և փորձել խուզարկություն իրականացնել: Դիմադրության հանդիպելով՝ սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են: Դեպքի առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, ապա 2017 թ. հունիսի 27-ին կարճվել:
Ա. Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ նախ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ապա 2017 թ. նոյեմբերի 30-ին մերժում ստանալուց հետո՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի: