Մոնիթորինգի խումբը կարող է անդրադառնալ զինվորական գործերով ընդհանուր մոտեցումներին, պրակտիկային. Արթուր Սաքունց
15:30, July 9, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտ է ներկայացնելու Քննչական կոմիտե և մասնակցելու է զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերն ուսումնասիրող հասարակական խմբի ստեղծման գործունեության կարգի մշակման աշխատանքների վերաբերյալ քննարկմանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա Քննչական կոմիտեի առաջարկը՝ նման խումբ ստեղծելու վերաբերյալ, դրական է համարում:
«Պետք է հասկանանք, թե ինչ գործառույթներ է խումբը կատարելու, առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, տեսնենք՝ իրենք ինչ պատկերացումներ, առաջարկներ ունեն»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հասարակական մոնիթորինգի խումբն ինչպես է վերահսկելու վարույթն իրականացնող մարմնի գործունեությունը, արդյոք իրավապահները չեն կարող առանց այդ խմբի ապահովել վիճահարույց գործերի օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, իրավապաշտպանն ասաց.
«Կարծում եմ, որ ուղղակի հասարակության, հատկապես՝ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տարիներով բարձրաձայնված հարցերը կքննարկվեն, որոնք կարող են ամենայն հավանականությամբ վերաբերել ընդհանուր գործելաոճին, մոտեցումներին:
Երևի հենց դրա շուրջ կգնա խոսակցությունը, մոնիթորինգի խումբը կարող է պարզապես ընդհանրացնել պրակտիկան»,- մանրամասնեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ մոնիթորինգի խումբը կարող է առաջարկություններ ներկայացնել նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, ինչ վերաբերում է կոնկրետ քրեական գործերին, ապա դրանց քննության հետ առնչվող մասնակիցների հարցը կարգավորվում է կոնկրետ քրեական դատավարության օրենսգրքով:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։
Խմբի կազմում կարող են ընդգրկվել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՓՊ–ի կողմից ներկայացված փաստաբանները։
Մոնիթորինգի խմբի անդամների ընտրության չափանիշները և գործունեության ձևաչափը քննարկելու համար բոլոր շահագրգիռ կողմերին Քննչական կոմիտեն հրավիրել է քննարկման մինչև հուլիսի 9-ը ներառյալ։
Հասարակական մոնիթորինգի խումբը ստեղծելու առաջարկը Քննչական կոմիտեն հիմնավորում է նրանով, որ զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով պատշաճ քննություն կատարելու և պարզված հանգամանքների վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի կողմից շարունակում են հնչեցվել վիճահարույց հայտարարություններ՝ կասկածի տակ դնելով կատարված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։