ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ
18:24, July 9, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:
Վկայակոչելով պրակտիկայում արձանագրված մի շարք խնդիրներ՝ Կազմակերպությունն առաջարկել է առևտրի և ծառայությունների ոլորտում առկա խնդիրներին տալ համակարգային լուծում և սահմանել բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև կրթական, պատմամշակութային հաստատությունների, պետական և ՏԻՄ վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքում զվարճանքի օբյեկտներին ներկայացվող պահանջները:
Ըստ այդմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել է.
1. նախագիծը լրամշակել և սահմանել բազմաբնակարան շենքում, կամ բազմաբնակարան շենքի, բնակելի տների, կրթական, մշակութային և առողջապահական օբյեկտների հարևանությամբ գործող օբյեկտների գործունեությունից առաջացող աղմուկի թույլատրելի առավելագույն մակարդակ (թույլատրելի շեմի և չափման կարգը կարելի է քննարկել ոլորտի մասնագետների հետ);
2. սահմանել, որ բազմաբնակարան շենքում, կամ բազմաբնակարան շենքի, բնակելի տների, կրթական, մշակութային և առողջապահական օբյեկտների հարևանությամբ գործունեություն ծավալելու համար պետք է տրամադրվի թույլտվություն (թույլտվության տրամադրման կարգը սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ);
3. սահմանել, որ շահագործման թույլտվություն կարող է տրամադրվել բացառապես այն դեպքերում՝ երբ թույլտվություն հայցող օբյեկտը պարտավորվում է տեղադրել կամ տեղադրված է ձայնամեկուսիչ համակարգ, որոնք կերաշխավորեն թույլտվություն հայցող օբյեկտի անաղմուկ աշխատանքը և կապահովեն բնակելի շենքում բնակվող անձանց իրավունքների պաշտպանությունը։
Առաջարկներն այսօր՝ 2018 թ. հուլիսի 9-ին էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացրել ենք ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին:
Առաջարկություններն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ