«Իրեն միակ տղամարդ հռչակած անձնավորությունը մեղքը գցում է իր ենթակայի վրա. սա խղճուկ մոտեցում է»
10:06, July 11, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ
Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով 2008-ի մարտի մեկից առաջ 0038 հրամանին, ասել է, որ դա ներքին փաստաթուղթ է, և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ հայտարարել է, թե պարտադիր չէր, որ այդ հրամանը համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա կոչ է արել նաև սահմանադրությունը նորից կարդալ և այլն։ Տեսակետ կա, որ այսպիսով փորձ է կատարվում պատասխանատվության ծանրությունը թողնել Միքայել Հարությունյանի վրա։ Համամի՞տ եք։
Նախ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ. տպավորությունս այնպիսին էր, որ իրեն միակ տղամարդ հռչակած անձնավորությունը բացարձակապես պատասխանատվության զգացում չունի, նաև շատ վախկոտի մեկն է, երբ փորձում է իր մեղքը գցել իր ենթակայի վրա՝ փորձելով օգտագործել նրան որպես քավության նոխազ սեփական մորթին փրկելու նպատակով։ Սա շատ խղճուկ, շատ ոչ մարդկային մոտեցում է, որովհետև պետք է կարողանալ պատասխան տալ սեփական քայլերի և գործողությունների համար։ Երեկվա հարցազրույցը վկայում է այն մասին, որ իրապես Ռոբերտ Քոչարյանը խիստ մտահոգված է իր ճակատագրի համար, և առավել քան հասկանալի է, որ ինքը և ընդհանրապես Մարտի մեկի հանցագործության և բոլոր հանցագործությունների համար պատասխանատուներն ամենևին էլ շահագրգռված չէին կարող լինել թավշյա հեղափոխությամբ։ Եվ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի գլխավորությամբ՝ տեսնում եմ այն հիմնական ուժերին, որոնք ամեն կերպ փորձելու են խոչընդոտել Հայաստանի բարեփոխումները։ Ինչպես պատմությունը ցույց է տվել, նրանք անհրաժեշտության դեպքում փորձելու են խուսափել պատասխանատվությունից՝ զոհաբերելով իրենց այսպես կոչված աջակիցներին, բայց կարծում եմ, որ քննությունն օբյեկտիվորեն կկարողանա ցույց տալ Մարտի մեկի ողջ մեխանիզմը՝ սկսած հանձնարարականներով, քայլերով, գործողություններով։ Առայժմ Ռոբերտ Քոչարյանը երկու խորհրդակցության մասին է խոստովանում, բայց մոռանում է, որ կան բազմաթիվ տեսանյութեր, փաստեր, հենց իր կողմից արված հայտարարություններ, որոնք ամենևին էլ չեն խոսում իր այսպես կոչված անտեղյակության մասին, ընդհակառակը, վկայում են իր՝ որպես անմիջական գործողությունները ղեկավարած անձի մասին։ Այնպես որ, շատ թույլ փորձ է խուսափել պատասխանատվությունից, որն անխուսափելի է։
Ինչ վերաբերում է պարոն Սողոմոնյանի հայտարարություններին, նա նախ պետք է մի բան հասկանա, որ հղում է կատարում մի փաստաթղթի, որի բոլոր հոդվածները իր ղեկավարի կողմից ոտնատակ են տրվել նրա նախագահության օրոք, և հիմա փորձել որպես փրկության տարբերակ գտնել այդ նույն փաստաթուղթը, որի ողջ բովանդակությունը և սկզբունքները ոչնչացված էին իր ղեկավարի կողմից, առնվազն ազնիվ չէ։
Երկրորդ՝ պարոն Սողոմոնյանը պետք է հասկանա, որ ոչ Փաստահավաք խմբի զեկույցները, ոչ էլ իրենց կողմից ոչնչացրած սահմանադրական նորմերը չեն կարող փոխարինել այն տառապանքին, այն փաստերին, հետապնդումներին, որոնք ՀՀ հազարավոր քաղաքացիներ իրենց մաշկի վրա են զգացել այդ ապօրինությունների ողջ համակարգը, որոնցից շատերը ազատազրկված են եղել առանց հիմքի և հիմնավորման, զուտ իրենց քաղաքացիական և քաղաքական դիրքորոշումների համար, շատերը զրկված են եղել աշխատանքից իրենց քաղաքական հայացքների և այլախոհության համար, շատերը ստիպված են եղել թողնել երկիրը։ Այնպես որ, Սողոմոնյանը թող նախևառաջ բացատրի, թե այդ ինչպես է լինում, որ այլ երկրի քաղաքացուն իր ղեկավարը նշանակում է ՀՀ պաշտպանության նախարար, այդ ինչպես է լինում, որ իր ղեկավարը արտակարգ դրություն է հայտարարում իր նախաձեռնությամբ և դա արդեն որևէ մեկի իրավասության շրջանակում չէր առանց համապատասխան օրենքի, և այդ ինչպես է լինում, որ մարտի մեկից մեկ շաբաթ առաջ իր ղեկավարը հայտարարում է, որ շատ-շատերը հայտնվելու են բանտերում, ո՞ր սահմանադրական նորմերին համապատասխան, այդ ինչպես է լինում, որ իր ղեկավարը 0038 հրամանի համապատասխան նշանակում է նոր հրամանատար՝ հանձինս Յուրի Խաչատուրովի, և եթե նա գտել է, որ դա օրինական է, այդ ինչպե՞ս է գտել, արդյոք սահմանադրությանը համապատասխա՞ն է եղել, չէ՞ որ ինքն էր սահմանադրության նորմերի երաշխավորը։ Այդ ինչպես է լինում, որ իր ղեկավարը տասը տարի շարունակ այդպես էլ ծպտուն չհանեց տասը հոգու սպանության հետ կապված։ Եվ այս բոլոր հարցերը վկայակոչում են, որ տեղի են ունեցել սահմանադրական նորմերի կոպտագույն խախտմամբ և հիմա փորձել սահմանադրությամբ պատսպարվել, որը իր կողմից ոչնչացված է եղել, ժամանակին պետք է մտածեր։ Եվ եթե սահմանադրությանը համապատասխան գործեր, ապա չէին լինի ոչ մարտի մեկ, ոչ էլ ապօրինի խախտումներով իրականացված ընտրություններ, բռնաճնշումներ թե 2003-ին, թե 2008-ին։
Որքանո՞վ է հավանական Ռոբերտ Քոչարյանի՝ որպես մեղադրյալ այս գործում ներգրավելը։
Անմիջականորեն, քանի որ Գերագույն գլխավոր հրամանատարը եղել է Ռոբերտ Քոչարյանը, և սա է սահմանադրական նորմն ասում, որ առանց իր հետ համաձայնեցնելու՝ որևէ Պաշտպանության նախարար նույնիսկ ամենաժողովրդավար երկրում իրավունք չուներ հրաման արձակելու՝ առանց համաձայնեցնելու Գերագույն գլխավոր հրամանատարի հետ։ Եվ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը պետք է ընդգրկվի որպես մեղադրյալ, այլ նաև Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Հայկ Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, ԱԱԾ այն ժամանակվա ղեկավարները, դատախազը… նրանք բոլորը ներգրավվելու են որպես մեղադրյալներ, ԱԺ պատգամավորները, որոնք իրենց թիկնապահներով մասնակցել են քաղաքացիների դեմ բռնի գործողություններին։ Նրանք բոլորը պետք է ընդգրվեն որպես մեղադրյալ, և մենք պարզապես սովոր չենք, որ սահմանադրութունը գործի։ Սա առաջին անգամ է, և մենք սովոր չենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց հանցագործությունների համար պատասխան տան։ Իրենք առնվազն քաջություն, քաղաքացիական գիտակցություն պետք է ունենան, որ պատրաստ լինեն նաև պատասխանատվություն կրելու և ոչ թե փախչելու երկրից։ Ժամանակին երբ քարերը նետում էին, պետք է իմանային, որ գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը։
Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ այն ժամանակ Մանվել Գրիգորյանին հանձնարարել է գնալ տուն և այնտեղ սպասել իր ճակատագրի վերաբերյալ որոշմանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։
Շատ ուշագրավ հայտարարություն է անում նաև Մանվել Գրիգորյանի հետ կապված, որովհետև նախ սա հերթական անգամ խոսում է այն տեղեկատվության մասին, որ ԵԿՄ-ում պարբերաբար հավաքվում էին։ Իրապես հանրահավաքների ժամանակ ոգևորիչ կոչեր են եղել Մանվել Գրիգորյանին, որ միանա, բայց ուշագրավ հանգամանքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնում է, որ ԵԿՄ-ում նաև եղել են զենքով մարդիկ։ Ավելին, ինքը մի ուշագրավ հայտարարություն էլ է անում, որ սպառնացել է, թե խուզարկություն կիրականացնի ԵԿՄ-ում։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջին՝ իրենք ունեցել են ակնհայտ տեղեկատվություն ԵԿՄ-ում զենքի առկայության մասին և խուզարկություն չեն իրականացրել։ Բայց առանց որևէ հիմքի՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ մարտի մեկին ցուցարարները ավտոբուսի հետևից դուրս էին գալիս կրակում և թաքնվում։ Մի դեպքում իբրև թե այդ զենքի առկայության և գործադրման հետ կապված ինքն իրականացնում էր լայնածավալ խուզարկություններ քաղաքական գործիչների, ընդդիմադիր քաղաքացիների տներում, բայց ԵԿՄ-ում, ըստ իս, ունենալով զենքի առկայության մասին տեղեկատվություն, որևէ խուզարկություն կամ քննչական գործուղություն չեն կատարել։ Մենք տեսնում ենք, որ ակնհայտ է եղել ընտրողական մոտեցումը մարդկանց նկատմամբ և տարբեր երևույթների և փաստերի նկատմամբ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ռոբերտ Քոչարյանը իր այս հարցազրույցում խոստովանում է ընտրովի արդարադատության, ընտրովի մոտեցումների մասին՝ ինքն էլ չհասկանալով, որ շատ ուշագրավ խոստովանություն է կատարում իր կառավարման ոճի և բնույթի մասին։
Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ մարտի մեկը կբացահայտվի՞։
Չեմ կարծում, քանի որ Մարտի մեկը լայնածավալ հանցագործություն է, և բազմակողմանիության, օբյեկտիվության և լրիվության տեսակետից հարյուրավոր հարցաքննություններ, քննչական գործողություններ պետք է կատարվեն, շատ-շատերը պետք է անմիջական տուժող ճանաչվեն, բոլոր քաղաքական հետապնդման ենթարկվածները պետք է տուժողներ ճանաչվեն։