«Ցեց Comics». Լույս է տեսել առաջին կոմիքսների ժողովածուն
10:54, July 19, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀուլիսի 16-ին Երևանի «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «Ցեց Comics» կոմիքսների առաջին գրքի շնորհանդեսը։
«Ցեց Comics»-ը մեր կյանքի մասին նկարազարդ պատմությունների հավաքածու է: Գրքում տեղ են գտել «Մեդիալաբ» խմբագրության նախաձեռնությամբ հիմնադրված «Ցեց Comics»-ի կոմիքսները:
Գրքում ծաղրանկարի նուրբ արվեստի միջոցով ներկայացված են պատմություններ, որոնք վերհանում են հայաստանյան իրականության քաղաքական, հասարակական, սոցիալական խնդիրները՝ ընթերցողներին առաջարկելով նոր դիտանկյունից նայել ամենահրատապ իրադարձություններին, նորովի, կարծրատիպերից ազատ ու անկաշկանդ դիտարկել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են`սելեկտիվ աբորտները, սահմանափակ կարողություններով մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքը, կոնֆորմիզմը, ընտանեկան բռնությունը և այլն: Խնդիրները մատնացույց անելուց զատ, այս պատմությունները նաև ելքեր են հուշում, ոգևորող օրինակներով ընթերցողին մղելով համարձակության, չհարմարվելուն, հուշում, որ մտածելակերպը փոխելով կարելի է փոխել նաև կյանքը:
«Նախկինում մեզ ամենահաճախ տրվող հարցն էր՝ չե՞ք վախենում, այժմ հարցնում են՝ հիմա ո՞ւմ եք նկարելու։ Վեց ամիս առաջ, երբ առաջին «Ցեց» մրցանակաբաշխությունն էինք անցկացնում, ծափահարելով համարձակ արվեստագետներին, ես ասացի՝ հույս ունեմ, որ մյուս տարի այս մրցանակաբաշխությունը տեղի չի ունենա, և այլևս կարիք չի լինի համարձակության համար մրցանակներ տալ։ Չեմ կարծում, թե մենք արդեն հաղթահարել ենք բոլոր խնդիրները։ Իհարկե, երկրում իրավիճակ է փոխվել, սակայն այսօր ևս շատ կարևոր է քննադատական մտածելակերպը»,- ասաց ծրագրի մտահղացման հեղինակ և ղեկավար, «Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը։
Շնորհանդեսի հյուրերի թվում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Միշտ աջակցել եմ «Մեդիալաբի» այս նախաձեռնությանը, չնայած ես էլ եմ նրանց ծաղրանկարի զոհը դարձել։ Միակ դժգոհությունը, որ ունեմ ծաղրանկարիչ Վահեից, այն է, որ նա իր ծաղրանկարներում ինձ միշտ ավելի ծեր է պատկերում։ Իսկ ավելի լուրջ՝ այս թիմի անդամները առաջամարտիկներ են, նրանք իրենց գործունեությամբ նպաստել են հասարակության առողջացմանը։ Չնայած դժվարություններին՝ նրանք խիզախություն ունեցան ընդլայնելու այս երկրում քաղաքական երգիծանքի սահմանները»,- իր խոսքում ասաց պրն Սվիտալսկին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որը նաև գրքի առաջաբանի հեղինակն է, նշեց, որ նոր Հայաստանում էլ ծաղրանկարիչները կարևոր անելիքներ ունեն։
«Ցանկանում եմ, որ նոր Հայաստանում նախկին քաղաքական ծաղրանկարների հերոսների տեսակները չլինեն։ Բայց ցանկացած իշխանություն ձգտում ունի այլասերվելու, և մշտապես պետք է հսկողության տակ պահել նրանց, որպեսզի այն, ինչ ձեռք է բերվել մեր երկրում, պահպանվի»,- ասաց Սաքունցը։
Ծրագրի մտահղացման հեղինակը և ղեկավարը «Մեդիալաբի» հիմնադիր և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանն է:
Ծաղրանկարիչներն են` Վահե Ներսեսյանը և Տիգրան Մանգասարյանը:
Պատմությունների հեղինակներն են՝ Վահե Ներսեսյանը և Քրիստինե Խանումյանը:
Գիրքը երկլեզու է. բոլոր 16 պատմությունները ներկայացված են հայերեն և անգլերեն: Առաջիկայում նախատեսվում է գիրքը թարգմանել և տպագրել նաև այլ լեզուներով: «Ցեց Comics»-ը վաճառվում է գրախանութներում եւ «Ցեց Comics»-ի Ֆեյսբուքյան էջի միջոցով։