«Ռոբերտ Քոչարյանի պահվածքը բնորոշ է սովորական հանցագործի». Ա. Սաքունց
July 26, 2018Ռոբերտ Քոչարյանի պահվածքը բնորոշ է սովորական հանցագործի, ով փորձում է խուսափել պատասխանատվությունից եւ իր մեղքն ուրիշների վրա բարդել: Այս մասին «Առանցքում» հաղորդման շրջանակում ԳԱԼԱ-իհետ հարցազրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով Սահմանադրությամբ նախագահներին շնորհվող անձեռնմխելիությանը՝ նա նշեց, որ 2005թ.-ի Սահմանադրության մեջ ներառվեց մի դրույթ, ըստ որի հանրապետության նախագահը պաշտոնավարումից հետո իր գործառույթների հետ կապված որևէ հարցում քրեական հետապնդման չի կարող ենթարկվել: «Եթե նախկինում կար, որ պաշտոնավարումից հետո կարող էր քրեական հետապնդման ենթարկվել, ապա այդ ժամանակ ամրագրեց, իր ենթադրությամբ, իմունիտետը: Հիմա այդ դրույթը հանված է: Ես պետք է նրան հիասթափեցնեմ: Նույն Սահմանադրությամբ սահմանվում է «օրենքի առջև բոլորը հավասար են» սկզբունքը: Այնպես որ, քննչական մարմինն այս գործի շրջանակներում շատ ազատ կարող է դիմել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման միջնորդությամբ»,- նշեց Սաքունցը:
Նրա դիտարկմամբ՝ նույնիսկ ամենատոտալ բռնապետական երկրի սահմանադրության մեջ չի կարող գրված լինել, որ երկրի ղեկավարն օրենքի առաջ պատասխանատու չէ: «Սա աբսուրդ է»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը: