«Նպատակ ունեն Մանվել Գրիգորյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ». Սաքունց
July 26, 2018Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարակուսած է՝ ինչո՞ւ է Լևոն Բաղդասարյանն այդ մասին ասուլիսի ընթացքում բարձրաձայնում՝ դատարան դիմելու փոխարեն: Սաքունցի խոսքով՝ իրենք նախկինում ասուլիսներով էին հանդես գալիս, որովհետև դատական համակարգն ամբողջովին կախվածության մեջ էր իշխանություններից, իսկ այսօր ընդգծեց՝ իրավիճակն այլ է. – «Նա պետք է դատարան ներկայացնի համապատասխան փաստաթղթերը և դատարանը պետք է որոշում կայացնի»։
Անցած ամիս Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ 62-ամյա գեներալին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: «Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին», ֊ ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։
Արթուր Սաքունցը հարցնում է՝ այս ամենից հետո փաստաբանը հասարակության կողմից ինչպիսի՞ վերաբերմունք էր ակնկալում: Սաքունցի համար անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է Լևոն Բաղդասարայնը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին խոսելիս օրինակ բերում հաց բերող Արթուր Սարգսյանին և ցմահ ազատազրկման դատապարտված հետախույզ Սողոմոն Քոչարյանին:
«Գտնում եմ, որ ո՛չ իրավիճակն է նույնը, ո՛չ դատական իշխանության իրավիճակն է նույնը։ Շատ բան է փոխվել, ուղղակի շահարկվում է՝ չեմ հասկանում ինչու», ֊ մեկնաբանում է իրավապաշտպանը՝ հավելելով. ֊ «Ենթադրում եմ, որ նպատակ ունեն Մանվել Գրիգորյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ»։