2018թ. հունվարին առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը հունիսին զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել
12:33, July 26, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2018թ. հունվարին հոգեկան առողջության խնդիրներով ու գիշերամիզությամբ զորակոչված և զորակոչի հաջորդ օրվանից իսկ հարբուխի, ապա՝ թոքաբորբի պատճառով հոսպիտալացված Ս. Ք.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել:
Ս. Ք.-ի քրոջ ահազանգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարին դիմել է դեռևս 2018 թ. մարտի 29-ին, երբ զինծառայողը Ստեփանակերտի հոսպիտալում, ապա Ստեփանակերտի հոգեբուժարանում արդեն երկու անգամ ինքնավնասում էր կատարել և տեղափոխվել Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Քույրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էր, որ եղբոր բոլոր առողջական խնդիրները ակնհայտ են եղել զորակոչին նախորդած հետազոտությունների ժամանակ, սակայն դրանք հաշվի չեն առնվել, և որ այդ պահին նա հոգեկան ծանր վիճակում է գտնում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այն ժամանակ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին էր դիմել զինծառայողի առողջական խնդիրների բացահայտմանն ուղղված հետազոտություններ իրականացնելու և նրա՝ զինծառայությանը պիտանիության օրինականությունը վերանայելու հարցով: Ինչպես նաև տեղեկատվություն էր պահանջել արդեն իսկ կատարված հետազոտությունների ու դրանց արդյունքների մասին:
Պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը գրությանն արձագանքել էր գրեթե 2 ամիս անց՝ 2018 թ. մայիսի 23-ին, և բարձրացված հարցերի մասին կցկտուր տեղեկություններ էր տրամադրել: Նա, մասնավորապես, նշել էր, որ 2018 թ. մայիսի 11-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննության հիման վրա զինծառայողի բուժումը 15 օրով երկարաձգվել է, իսկ մյուս հարցերին չէր անդրադարձել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի՝ 2018 թ. ապրիլի 6-ի հարցումն ընդհանրապես անպատասխան էր մնացել:
Չստացած պատասխանների մասով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. մայիսի 17-ին դիմել է ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Դ. Տոնոյանին :
2018 թ. հուլիսի 11-ին թվագրված գրությամբ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ս. Ք.-ը զինծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել և 2018 թ. հունիսի 18-ին դուրս գրվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքից: