Միայն սահմանադրական փափոխություններով է հնարավոր չեզոքացնել իշխանության գայթակղությանը չդիմանալու վտանգը. Սաքունց
19:29, July 30, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Նույնիսկ ամենակատարյալ Սահմանադրության պարագայում էլ ոչ ոք երաշխիք չունի, որ ինչ-որ խմբի կողմից տեղի չի ունենա իշխանության զավթում»,- այսօր հրավիրված ասուլիսում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այդուհանդերձ, ըստ նրա, քաղաքական ուժերի խնդիրն է գործող Սահմանադրությունում ամրագրել մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք կտարանջատեն իշխանություններին ու օրենքի հիմքով թույլ չեն տա իշխանության եկած ցանկացած անձի գործել կամայական ու միանձնյա որոշումներ կայացնել:
Իրավապաշտպանը ցավով նշում է, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանում չի ձևավորվել այնպիսի կառավարման մշակույթ, որը հիմք կտա եզրակացնել, որ չեն կարող կրկնվել նախորդ բոլոր իշխանությունների թույլ տված սխալները:
«Չկրկնվելու երաշխիք առայժմ ունենք միայն Նիկոլ Փաշինյանի կամ այսօրվա կառավարության ժողովրդավարական կեցվածքը: Բայց արդյո՞ք դա կարող է երաշխիք լինել վաղը կամ մյուս օրվա համար»,- հռետորական հարց է ուղղել նա լսարանին:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ գործող Սահմանադրությունը չի ապահովում իշխանությունների տարանջատման սկզբունքը, քանի որ հիմքում դրված է սուպերվարչապետական կառավարման իրավական մոդելը: Իշխանափոխությունը, ըստ նրա, չի փոխել իրենց մոտեցումները մի պարզ պատճառով՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը չի կարող փոխարինվել իշխանությունների բարի կամեցողությամբ:
«Ես միանշանակ վստահում եմ, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կամ կառավարության որևիցե անդամ ներկայումս ոչ մի դատավորի չի զանգի և չի էլ ասի: Բայց նորից ենք կրկնում դա չպետք է լինի անձի վրա դրված ինչ որ հիմք, երաշխիք: Պետք է լինի իրավական երաշխիք, առաջին հերթին դատական իշխանության ինքնակառավարում՝ մեկ, դատավորների անկախություն՝ երկու, գործադիր իշխանության նկատմամբ պառլամենտական վերահսկողություն՝ երեք»,- նշել է Սաքունցը` ավելացնելով նաև, որ հասկանում է, որ շատ կարճ ժամանակահատվածում այսպիսի փոփոխություններ իրականացնելը թե’ ժամանակային, թե’ ռեսուրսների առումով անիրատեսական է, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ապագայում նախաձեռնվելիք բարեփոխումների վերաբերյալ ուզում են հստակ երաշխիքներ լսել մինչ ընտրությունները:
Սաքունցի պնդմամբ` իշխանությունները պետք է ներկայացնեն համակարգային բարեփոխումների հայեցակարգ, հստակ ժամանակացույցով, որի նպատակը պետք է լինի սուպերվարչապետական համակարգի վերացումը:
«Միանշանակ է, որ կոռուպցիան, որպես երևույթ ու համակարգ պետք է ապամոնտաժվի, միանշանակ է, որ անպատժելիությունը պետք է հաղթահարվի և կատարած հանցագործությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց որպեսզի այդ արդյունքները ինստիտուցիոնալացվեն և ֆռռանք ճոճանակի մի կետից մեկ այլ մյուս ծայրահեղ տեղը չտեղափոխվեն և որի վերաբերյալ ես ձեզ վստահեցնում եմ, որ փորձ է արվում շահարկումներ անել, որ ինչ տարբերություն՝ հա, ես կարծում եմ, որ քանի գնա շահարկումները հա ավելանալու են՝ քաղաքական հետապնդում կամ չգիտեմ ինչ …. այս ամենին վերջ տալու համար և նաև երաժխիքներ ստեղծելու համար պետք է հստակ այդ մտադրությունները հայտարարվի»,- ընդգծել է իրավապաշտպանը:
Սաքունցի պնդմամբ՝ շատ պետական կառույցների նկատմամբ խորհրդարանն այսօր չունի վերահսկողություն, իսկ այդ մեխանիզմի բացակայությունը կարող է ժամանակի ընթացքում ծնել արատավոր երևույթներ:
«Պառլամենտական վերահսկողության բացակայությունը չի կարող չգայթակղել, դա իշխանության բնույթն է՝ անկախ անձից, որպեսզի մենք ունենանք կամ զերծ մնանք հետագա այն արատավոր երևույթներից, որին մենք ականատես ենք եղել,»- նշել է իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ ինչքան էլ վստահի վարչապետին կամ կառավարության անդամներին, այդուհանդերձ, չի ուզում, որ դա ոչ թե կարգավորվի անձերի կամային հատկանիշներով կամ գաղափարներով, այլ օրենքով, քանի որ իշխանությունը խիստ գայթակղիչ երևույթ է, ու դա ապացուցվել է մարդկության ողջ պատմության ընթացքում ու տարբեր երկրների փորձով: