Վանաձորի Արցախ պուրակում շինաշխատանքներ իրականացնողի ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել
13:26, July 31, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. հուլիսի 31-ին, ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. հունվարի 24-ին դատարան հայց է ներկայացրել հուշարձան համարվող պուրակում առանց Մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համաձայնեցնելու իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին երկու անգամ դիմելուց ու մերժում ստանալուց հետո:
Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը որոշեց գործով որպես երրորդ անձ ներգրավել շինաշխատանքներն իրականացնող «Գ և Մ» ՍՊԸ-ին, քանի որ գործն առնչվում է վերջինիս իրավունքներին:
Այսօր երրորդ կողմի ներկայացուցիչը Երևանում այլ դատական նիստ ունենալու պատճառով դատարան չէր ներկայացել, որի մասին տեղեկացրել էր դատարանին և խնդրել հետաձգել նիստը: Կողմերը չառարկեցին:
Հաջորդ դատական նիստի օրվա մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն: