Ոչ բժիշկները և ոչ էլ պետությունը չեն ընդունում կյանքի իրավունքի խախտման դիմաց փոխհատուցման՝ իրենց պարտավորությունը
15:49, August 2, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Լիա Միսակյան2018 թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը և դատաքննությունը համարեց ավարտված:
Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այն այժմ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:
Լ. Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դատարան ներկայացված հայցով պահանջել են Հայաստանի Հանրապետությունից, ի դեմ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության, «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:
Ավելի վաղ բոլոր պատասխանողներն իրենց ոչ պատշաճ պատասխանող էին համարել. ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայցադիմումի պատասխանում Հայաստանի Հանրապետության գործողությունների և հայցվորին պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապ և պետության կողմից վնասի փոխհատուցման պարտավորություն չէր տեսել:
«Արաբկիր» ԲԿ-ի ներկայացուցիչը կարծիք էր հայտնել, որ վնասը ԲԿ-ի մեղքով չի պատճառվել, այն պետական հաստատություն չի համարվում և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով փոխհատուցում չպետք է տրամադրի:
Երեխայի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի ներկայացուցչը գտնում է, որ ներկայացված չէ որևէ ապացույց նյութական վնասի հատուցման պահանջի մասով, իսկ ոչ նյութական վնասի հատուցման պարտավորություն չունի: Լ. Վարդանյանն էլ պնդում է, որ իր մեղավորությունը ընդհանրապես բացակայում է և դատարանից խնդրել է հայցը մերժել:
Մինչդեռ դատարան ներկայացված հայցադիմումով մանրակրկիտ ներկայացված է պատասխանողներից յուրաքանչյուրի մեղավորությունը և թե ինչու պետք է նրանք հատուցեն վնասները:
Երեկ կայացած դատական նիստի ժամանակ Անի Չատինյանը ներկայացրեց հայցը և դրա հիմնավորումները: Ի թիվս այլոց՝ վերահաստատեց հայցադիմումում հայտնած դիրքորոշումը, որ բժշկական հաստատությունում անձի կյանքի իրավունքն ապահովելու համար պետությունը պատասխանատվություն է կրում, քանի որ անձը գտնվում է պետության վերահսկողության ներքո:
Դատարանը դատաքննությունն ավարտված համարեց, միաժամանակ պահանջեց գործում առկա փաստաթղթերի բնօրինակները և հաջորդ դատական նիստը նշանակեց 2018 թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին: