ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող 2 զորակոչիկ և 1 զինծառայող ազատվել են զինվորական ծառայությունից, ևս 3-ը ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի եւ ստացել տարկետում
10:37, August 10, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող 1 զինծառայող վաղաժամ զորացրվել է զինվորական ծառայությունից, զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել ևս 1 զորակոչիկ, 2 զորակոչիկ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվել, իսկ 2 զորակոչիկ ստացել են տարկետում 5 ամիս ժամանակով: Նրանցից երեքի նկատմամբ զինծառայությունից խուսափելու հիմքով քրեական գործեր էին հարուցված, մինչդեռ բոլոր այդ անձինք համաձայն չէին իրենց առողջական վիճակի հետազոտման արդյունքների հետ:
2018 թ. հունվարին առողջական խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվելուց հետո անմիջապես Երևանի Կենտրոնական կլինիկական զիվորական հոսպիտալ զորակոչված Բ. Բ.-ի մոտ զարկերակային ճնշման և սրտի հետ կապված խնդիրներ են արձանագրվել: Զինծառայության ողջ ընթացքում զինծառայողը գտնվել է տարբեր հոսպիտալներում: Զինծառայողին ստացիոնար բուժօգնություն տրամադրելուց և հետազոտությունների ենթարկելուց հետո 2018 թ. ապրիլի 10-ին դուրս են գրել և բժիշկը հայտնել է, որ զորամասում նա 1 ամսով ազատված կլինի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սակայն հաջորդ օրն իսկ նրան ներգրավել են ֆիզիկական ծանրաբեռնվածություն ենթադրող գործողությունների մեջ, ներառյալ՝ վազքի, ինչից հետո էլ ինքնազգացողությունը կրկին վատացել է, և շարունակաբար գտնվել է բժիշկների հսկողության ներքո: Ի վերջո բուժհաստատություններում իրականացված հետազոտություններից հետո Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը նրան զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչել, չնայած Բ. Բ.-ն զինծառայության մեջ շարունակել է մնալ մինչև 2018 թ. հուլիսի 27-ը: Հուլիսի 27-ին նա կրկին ներկայացվել է ԿՌԲՀ փորձաքննության, որի ժամանակ էլ հայտնել են, որ ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:
Բ. Բ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է 2018 թ. մարտից: Նրա առողջական վիճակի հետազոտություններ անցկացնելու և անհրաժեշտության դեպքում նաև՝ նրա զինծառայությանը պիտանի լինելու օրինականությունը վերանայելու հարցով Կազմակերպության ներկայացուցիչները դիմել են ՀՀ պաշտպանության նախկին ու ներկայիս նախարարներին:
Զորակոչիկ Է. Գ.-ի իրավունքների պաշտպանությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2017 թ.-ից: Նա զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել դեռևս 2014 թ.-ին և 3 տարով տարկետում ստացել, իսկ 2017 թ.-ին՝ առանց որեւէ հիմնավորման, առողջական վիճակի փոփոխության, նույն հրամանի նույն հոդվածի մեկ այլ կետով զինծառայությանը պիտանի է ճանաչվել: ԿԲՀ որոշմանը համաձայն չլինելով՝ հրաժարվել է մեկնել զինծառայություն, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
2018թ.-ին իրականացվել են հետազոտություններ, որի արդյունքները եւս հակասում էին նաև հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի կողմից 2018 թ. ապրիլի 13-ին բողոքարկվել է եւ պահանջ ներկայացվել՝ նոր հետազոտություններ անցկացնելու ու դրա հիման վրա որոշելու զինծառայությանը Է. Գ.-ի պիտանիության հարցը:
ՀՀ զինվորական կոմիսար Հ. Մուրադյանը բավարարել է ներկայացված բողոքը՝ հայտնելով, որ զորակոչիկը կրկնակի կփորձաքննվի 2018 թ. ամառային զորակոչի ընթացքում՝ զինծառայությանը պիտանիության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Սակայն նշված ժամանակահատվածում հետազոտություն չի իրականացվել, և զորակոչիկը զինկոմիսարիատ չի կանչվել: Այդ հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը 2018 թ. հուլիսի 13-ին դիմել է ՀՀ ՊՆ Վանաձորի զինվորական կոմիսար Ա. Թումանյանին: Սակայն վերջինս անորոշ պատասխան է տվել՝ կրկին նշելով, թե զորակոչիկի անձնական գործը իրենց տրամադրության տակ չի գտնվում, այն վարույթն իրականացնող մարմնի մոտ է: Այնուամենայնիվ 2018 թվականի ամառային զորակոչին Է. Գ.-ն ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին և որոշում է կայացվել Է. Գ.-ին՝ զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ:
Զորակոչիկ Ա. Հ.-ի պաշտպանությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զբաղվել է 2017 թ-ից:
2017 թվականի դեկտեմբերին Ա. Հ.-ն ենթարկվել է բժշկական հետազոտությունների, եւ ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 12-րդ հոդվածի դ կետի հիման վրա տրամադրվել է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով՝ բուժման նպատակով (5 ամիս ժամկետով): Սակայն ուսումնասիրելով զորակոչիկի փաստաթղթերը՝ գտել ենք, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը 18.01.2018 թվականին կայացած նիստի ժամանակ զորակոչիկին ոչ պատշաճ է փորձաքննել և անհրաժեշտություն է եղել վերջինիս կրկին փորձաքննելու և նրա պիտանելիության վերաբերյալ կայացնելու նոր որոշում, քանի որ մինչ զորակոչային տարիքի հասնելը Ա. Հ.-ն առողջական վիճակի հետազոտություններ է անցել տարածքային պոլիկլինիկայում, և նրա մոտ ախտորոշվել է այլ հիվանդություն: Այս կապակցությամբ Կազմակերպության փաստաբան Ս. Սողոմոնյանը ներկայացրել է բողոք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 18.01.2018թ. որոշումը վերացնելու, զորակոչիկին լրացուցիչ հետազոտությունների ուղեգրելու և պիտանելիության վերաբերյալ նոր որոշում կայացնելու վերաբերյալ:
Փորձաքննության ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հաշվի չի առել զորակոչիկի մոտ վերին և ստորին վերջույթների ֆունկցիայի խանգարման աստիճանը, որը, ըստ բժշկական ակտերի չափավոր է եղել, և զորակոչիկին փորձաքննել է ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 12-րդ հոդվածի դ կետով: Ըստ վերը նշված հրամանի՝ դ կետով են փորձաքննվում սուր հիվանդությունից հետո` առանց օրգանական ախտահարման երևույթների, և զորակոչիկներին տրամադրում տարկետում մինչև մեկ տարի, զինծառայողներին` ազատում կամ արձակուրդ: Սակայն նույն հոդվածի գ կետով փորձաքննվում են Կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ (մանրէային, վիրուսային) և վարակիչ-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր վարակների, սուր և քրոնիկական ինտոքսիկացիաների ժամանակ ֆունկցիաների չափավոր խանգարումով: Այսինքն՝ Ա. Հ.-ի առողջական վիճակի հետազոտոթյուները կատարվել են թերի, կատարված հետազոտությունների արդյունքում տրված ախտորոշումները մասամբ են արտացոլվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ զինվորական ծառայությանը Ա. Հ.-ի պիտանելիության վերաբերյալ կայացրած 18.01.2018թ. որոշման մեջ, որի պարագայում անհրաժեշտություն է եղել զորակոչիկին կրկին հետազոտությունների ներկայացնել և կայացնել նոր որոշում նրա պիտանելիության վերաբերյալ:
Ի վերջո 2018 թ․-ի ամառային զորակոչին ՀՀ Կառավարության 404 որոշման այլ՝ 14 բ հոդվածով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
Զորակոչիկ Ռ. Մ.-ի պաշտպանությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զբաղվել է եւս 2017 թ․-ի ձմեռային զորակոչի շրջանից:
Վերջինս առողջական լուրջ խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել 2017 թ.-ի ամառային զորակոչի ընթացքում, սակայն հրաժարվել է զինծառայության մեկնելուց: Կազմակերպության մասնագետների կողմից վերջինիս բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ այն հիմնական խնդիրները, որոնք առկա են զորակոչիկի մոտ ընդհանրապես հաշվի չեն առնվել եւ չեն բացահայտվել: Խուսափելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված նոր հետազոտությունների արդյունքերով հայտնաբերվել են այլ խնդիրներ, որոնք մի քանի հաստատություններում հաստատվել են եւ նախկին ախտորոշումից եւ ԿԲՀ որոշումից ամբողջապես տարբերվող մեկ այլ որոշմամաբ 2018-ի ամառային զորակոչին Ռ. Մ.-ն ժամանակավորապես զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել:
Տեսողության խնդիրներ ունեցող Մ. Հ.-ի իրավունքների պաշտպանությամբ ևս ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2017 թ.-ից: 2017 թ-ի հունվարին ստացել է տարկետում 5 ամիս ժամանակով՝ բուժման նպատակով, որն այդ ամիսների ընթացքում չի իրականացվել: Առանց որեւէ բուժում ստանալու, ինչպես նաեւ տեսողության սրացման վատացմամբ հաջորդ զորակոչին՝ 2017 թ. հունիսի 14-ին, զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, որի հետ համաձայն չի եղել եւ չի մեկնել զինվորական ծառայության: Այդ կապակցությամբ 25.08.2017 թ. հարուցված քրեական գործի շրջանակներում 01.11.2017 թ-ին նշանակվել է դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն: Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ զորակոչային փուլում արված հետազոտությունների և նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների միջև էական տարբերություններ կային: Զորակոչիկի առողջական վիճակի հետազոտությունների ընթացքում տեղ են գտել որոշակի տարբերություններ ստացիոնարներում կայացված ախտորոշումների միջեւ, մասնավորապես՝ հետազոտություն իրականացրած բժշկական մի հաստատության կողմից տրված տեսողական խնդրի աստիճանը էապես տարբերվել է մյուս բժշկական հաստատությունում իրականացված հետազոտության տվյալներից, որը դատաբժշկական փորձաքննության գնահատմամբ կարող էր պայմանավորված լինել սուբյեկտիվ գործոններով /կիրառվող տարբեր գործիքային հետազոտությունները/: Մ. Հ.-ի առողջական վիճակի հետազոտության տվյալների հիման վրա փորձագետները գտել են, որ զորակոչիկը կարիք ունի տարկետման դիտարկման նպատակով՝ ԿԲՀ-ում հետագա փորձաքննություններով:
Կազմակերպության անունից 2018 թ. հուլիսի 12-ին գրություն է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին զորակոչիկի՝ զինծառայությանը պիտանիության օրինականությունը վերանայելու և նրան զինծառայությունից ազատելու հարցով, սակայն վերջինիս այս անգամ եւս տրամադրվել է տարկետում՝ 5 ամիս ժամանակով:
Զորակոչիկ Մ. Ղ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2018 թ.-ին: Զորակոչիկն ունի համակցված ալերգիա, որը հաճախ ուղեկցվում է բարդացումներով: Նրա՝ զինծառայությանը պիտանիության հարցը որոշելուց առաջ լրացուցիչ հետազոտութուն անցկացնելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 16-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին: ԿԲՀ որոշմամբ Զորակոչիկին տրամադրվել է տարկետում՝ 5 ամիս ժամանակով:
Հարկ է նշել, որ որպես կանոն՝ զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների և զորակոչային շրջանում իրականացված հետազոտությունների արդյունքների միջև տարբերություններ ու հակասություններ են լինում, որոշ դեպքերում հետազոտությունները թերի են իրականացվում, իսկ զորակոչիկների եւ զինծառայողների պիտանիության մասին որոշումները փոփոխվում են միայն դրանք բողոքարկելուց հետո: