Ոստիկանության անգործության հետևանքով խախտվեց կարծիքների արտահայտման իրավունքը
18:06, August 14, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախատեսել էր ասուլիս, որը տապալվեց, բողոքի ակցիա իրականացնողների կողմից:
Այս կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով կարևորեց, որ այս դեպքով գործ ունենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածների ապահովման հետ:
«Բողոքի ցույցի մասնակիցներն իրականացրեցին իրենց հավաքների ազատության իրավունքը, որը պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածով, սակայն մամլո ասուլիս նախաձեռնողները չկարողացան իրականացնել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրենց իրավունքը, այն է՝ կարծիքների արտահայտման ազատության իրավունք:
Մենք ունեցանք մի փաստ, երբ մի կողմը իր իրավունքը կարողացավ իրականացնել, իսկ մամուլի ասուլիսի նախաձեռնողները չկարողացան իրականացնել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրենց իրավունքը, որը պետք է ապահովեր ոստիկանությունը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը իր մտահոգությունն հայտնեց առ այն, որ մի կողմի իրավունքների իրականացումը չպետք է հանգեցներ մյուս կողմի իրավունքների չիրականացման, և որ սա լուրջ բացթողում է համապատասխան մարմինների կողմից:
«Ականատես չեղանք իրավապահ մարմինների ջանքերին, որոնք միտված կլինեին ապահովելու կարծիքի արտահայտումը: Բողոքի ակցիայի մասնակիցները կարողացան իրենց դիրքորոշումն արտահայտել և գնալ, իսկ իրավապահ մարմնի աշխատողները որոշ ժամանակ անց կարող էին ասուլիսի սրահը ապահովել, որպես ասուլիսի նախաձեռնողները իրենց ասուլիսը իրականացնեին, սակայն նման բան տեղի չունեցավ»,-նշեց Սաքունցը հավելելով, որ այս մասով մտահոգվելու առիթ կա , քանի որ կապ չունի՝ թե ում ասուլիսն է ՝ այնուամենայնիվ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե նրա նկատմամբ ինչպիսի հանրային վերաբերմունք կա , պետք է կարողանա կարծիքն արտայտելու իր իրավունքն կյանքի կոչել:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, համաձայն որի իշխանությունները վախեցել են, որ Քոչարյանը կխոսի և շատ կարևոր հայտարարություն կանի, այդ պատճառով ակտիվիսների են ուղարկել ասուլիսը տապալելու համար, Սաքունցն ասաց, որ իրավունքի չիրականացումն է հիմք ստեղծել նման մանիպուլյատիվ հայտարարություններով հանդես գալու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ազատ արձարկվեց, քանի որ վերաքննիչ դատարանն վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: