Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
16:47, September 5, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄենք չենք կարող անպատրաստ և անպատասխանատու լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այս մասին այսօր Politik.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով ՀՀ վարչապետի հայտարարությունից , ըստ որի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մինչև 2019թ.-ի մայիս հունիս ամիսները, գնահետելով դրա ռիսկերն ու անհրաժեշտությունը:
Սաքունցը նշեց, որ չենք կարող գնալ ընտրությունների առանց անհրաժեշտ փոփոխությունների` պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, պառլամենտի ձևավորման մեխանիզմը, կայուն քաղաքական մեծամասնություն եզրույթը, բոնուսային համակարգը պետք է հանվի, կլինեն սահմանադրական փոփոխությունների , ինչից հետո կլինեն ընտրություններ:
«Կարևոր է հանրության և իշխանության տրամադրությունների համընկնումը, ինչը այսօր այդպես է: Չեմ կարծում, որ ամիսներ հետո հանրությունը դեմ կլինի վերոնշված փոփոխությունների իրականացմանը:
Սրանք գործընթացներ են, որոնք անպայման պետք է տեղի ունենան, թե որքան ժամանակ այն կտևի չենք կարող ասել, չէ որ իրական մարդկանց հետ գործ ունենք , անկախ նրանց նկատմամբ վերաբերմունքից, կարող են դիմադրել և նմանատիպ տարբեր այլ հարցեր»,-ասաց Սաքունցը, շեշտելով որ հանրությունը անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կհաղթի, չի ցանկանա որ նախկին ընտրական մեխանիզմներով գան իշխանության և դրա համար է պետք ժամանակ, որի ընթացքում կլինեն փոփոխություններ ապա ընտրություններ:
«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է: