Երկիրը հոշոտել են․ Երևանի ընտրությունները փորձություն են լինելու բոլոր առումներով
September 10, 2018Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, ակնկալվում է, որ լինելու են ազատ և արդար ընտրություններ: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը 3 տասնյակից ավելի կազմակերպություններ հետ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ամեն ինչ անել, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները լինեն արդար ու ազատ, և պահանջել, որ հրաժարական տան ԿԸՀ և ՀՌՀ-ի հեղինակազրկված պաշտոնյաները, որպեսզի հանրության մեջ վստահություն առաջանա այդ կառույցների և ընտրությունների նկատմամբ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո Երևանի ավագանու ընտրությունները առաջին ընտրություններն են լինելու, և այս ընտրությունները յուրատեսակ փորձություն են լինելու բոլոր առումներով և բոլորի համար՝ իշխանության, հայտ ներկայացրած քաղաքական ուժերի, պետական մարմինների և հանրության համար:
«Ազատ և արդար ընտրությունների անցկացումը խեղաթյուրված է եղել անկախ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում՝ բացառությամբ առաջին ընտրությունների: Ամեն սուբյեկտ ունի իր պատասխանատվությունը և դերը:
Ի՞նչ նախադրյալներ ունենք ազատ և արդար ընտրություններ անցակցնելու համար. ցավոք, լավ փորձ չունենք՝ նկատի ունենալով նախորդ ժամանակաշրջանը, բայց այս 4 ամիսների ընթացքում իշխանության վարքագիծը՝ ներառյալ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները, որոնք ուղղված էին կոռուպցիոն և քրեական տարբեր հանցագործությունների բացահայտմանը, նաև Գործադիր իշխանության վարքագիծը, հիմք են տալիս մտածելու, որ ընտրությունների մասնակից այս սուբյեկտները առնվազն ունեն քաղաքական կամք իրենց վրա դրված պարտավորությունները կատարելու, զերծ մնալու ընտրակաշառքից, վարչական ռեսուրսների չարաշահումից և այլն… »:
Արդյո՞ք ՀԸՀ-ն ապահովվելու է անաչառ լուսաբանում և հավասար հնարավորություններ բոլորի համար: Ա. Սաքունցի խոսքով՝ այստեղ չափանիշը պետք է ապահովի Հանրային հեռուստաընկերությունը. «Բայց մինչ այժմ նման խոսակցություն Հանրայինում տեղի չի ունենում, սա նշանակում է, որ Հանրային ՀԸ-ն ունի իր նկատմամբ վստահության խնդիրներ: Մենք չենք տեսնում բանավեճ հեղափոխությունից հետո, ինչպես լուսաբանում էին Սերժ Սարգսյանի գործունեությունը, նույն կերպ լուսաբանում են Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, բայց խնդիրը ոչ թե անձերին ցույց տալն է, այլ երևույթների վերաբերյալ քննարկում կազմակերպելը, մտքերի փոխանակումը, բազմակարծության ապահովումը: Մենք տեսնում ենք, որ այս առումով դեռևս չենք հեղափոխվել»: