Խաղաղասիրություն
Հիմնադրման օրվանից ի վեր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակտիվ գործունեություն է ծավալել խաղաղասիրության բնագավառում՝ հիմք ընդունելով այն սկզբունքը, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը չի կարող ունենալ այլընտրանք:
Կազմակերպությունը մշտապես նպատակ է ունեցել իրականացնել ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեություն՝ այդ գործընթացում ներգրավելով կոնֆլիկտից տուժածներին եւ կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակությունների ներկայացուցիչներին:
Խաղաղասիրական գործունեության օրակարգում շարունակում է մնալ կոնֆլիկտից տուժածների` անհայտ կորածների և նրանց ընտանիքների, նախկին ռազմագերիների և նրանց ընտանիքների, փախստականների և ներքին տեղահանվածների բազմաթիվ խնդիրների չլուծվածությունը, ինչպես նաեւ կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակության ներկայացուցիչների միջեւ փոխվստահության եւ համագործակցության զարգացումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող այս գործունեության բաղադրիչ է հանդիսանում զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, պաշտպանական գերատեսչության հաշվետվողականության և թափանցիկության մեծացմանը նպաստումը: