«Իշխանության պատվերն է»
00:00, January 11, 2011 | ՀայտարարություններՀելսինկյան Ասոցիացիան եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
«2010թ.հունվարի 10-ին պարզ դարձավ, որ հարձակման է ենթարկվել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի աշխատասենյակը: Վերջին 2 ամսվա մեջ սա 2-րդ հարձակումն է իրավապաշտպանի գրասենյակի վրա: Այս պահի դրությամբ իրավապաշտպանի կողմից դեռևս չի հայտնաբերվել որևէ կորած իր աշխատասենյակից: Նախորդ անգամ` անհայտ անձինք ներխուժել էին գրասենյակ, կոտրել փաստաթղթերը պահելու համար նախատեսված պահարանների դռների կողպեքները, տարել համակարգչի մոնիտորը և արբանյակային հեռուստաալիքների կոդազերծող սարքը: Իսկ գրասենյակում գտնվող գումարը «գողերը» չեն վերցրել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Մենք համոզված ենք, որ նախկինում կատարված նմանատիպ դեպքը չի բացահայտվում ոստիկանության անգործության պատճառով և վստահ ենք, որ այս վերջին նմանատիպ դեպքն էլ չի բացահայտվելու: Հայտարարում ենք, որ վերոհիշյալ հարձակումները իշխանության պատվերն է, որն ուղղված է միմիայն Արտակ Զեյնալյանի իրավապաշտպան գործունեության դեմ: Այս տեսակ քայլերը նպատակ են հետապնդում խոչընդոտել իրավապաշտպանի գործունեությանը:
Արտակ Զեյնալյանը հանդիսանում է «Իրավաբաններն ընդդեմ բռնությունների» հասարակական կազմակերպության համակարգող, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայության անգործությունը դատական կարգով վիճարկող իրավահաջորդների, ինչպես նաև 2010 թ. ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Ա. Զեյնալյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացրել է մի շարք գործեր, այդ թվում նաև` «Մելտեքս» ՍՊԸ և Մ. Մովսեսյանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2011/01/10/helsinki