«Լիսկայի հայտնի գործի կասեցումը խոսում է այն մասին, որ ձեռագիրը շատ ավելի խայտառակ է». Արթուր Սաքունց
13:11, October 28, 2013 | Նորություններ«Գլխավոր դատախազի նշանակումից հետո միանգամից այդքան շատ դատախազների աշխատանքից ազատումը՝ սեփական դիմումի հիման վրա ինձ մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ նրանց առաջ դրված են եղել պահանջներ, և մարդիկ ստիպված են եղել դիմումները գրել»,- կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ չնայած նրան, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ դատախազությունում կադրային ջարդ չկա:
Իրավապաշտպանը նկատում է, է, որ դատախազության կազմում աշխատանքից ազատվելու դիմումների այսպիսի տարափ տեղի չի ունեցել մինչ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջին օրը: Նա հիշում է, որ այն ժամանակ ևս փոփոխություններ եղել են, բայց ոչ ժամանակի այսպիսի կարճ տիրույթում: Սաքունցը համոզված է, որ սովարաբար մարդկանց ասվում է, որ իրենք աշխատանքից ազատվելու են և քանի որ մարդը գիտի, որ դուրս պիտի գա, սեփական դիմում է գրում, ու նրա դուրս գալու հանգամանքը ձևակերպվում է որպես սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատում:
«Ես ժամանակին ասել եմ, որ շատ ավելի դաժան է լինելու, և հիմա գալիս ենք դրան»,- իր խոսքերն է հիշեցնում իրավապաշտպանը և անդրադառնալով Կոստանյանի կողմից հնչեցրած այն արտահայտությանը, թե ինքն Աղվան Հովսեփյանի կադրերից ազատվելու խնդիր չի լուծում և նշանակված նոր դատախազները ևս նույն համակարգի աշխատակիցներ են՝ ասում է, որ բնական է, որ դրսից չեն բերելու կադրերին: «Բնականաբար նույն կադրային բանկից է օգտվելու, ուղղակի մի մասը գտնվել են առաջնային, իսկ մյուսները՝ երկրորդական կամ երրորդական դիրքերում, իսկ հիմա տեղափոխություն է կատարվում»,- բացատրում է Սաքունցը: Նա գտնում է, որ այժմ գլխավոր խնդիրն այն է, որ դատախազության կադրային քաղաքականության մեջ կանխատեսելիություն չկա:
«Ես դա որակում եմ ըստ սուբյեկտիվ մոտեցնումների կադրային նշանակումներ: Երբ տարբեր մարդկանց մոտ միաժամանակ ցանկություն է առաջանում աշխատանքից դուրս գալու և նրանք միատեսակ վարք են դրսևորում, հետևաբար հրամանն էլ նրանց համար միատեսակ է եղել»,- ևս մեկ անգամ վստահեցնում է իրավապաշտպանը:
Չնայած թվում է, թե Կոստանյան- Հովսեփյան լարված հարաբերությունները պիտի Կոստանյանին շահագրգռեն բացահայտել Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակ չբացահայտված գործեր, Սաքունցը արդարադատության ոլորտում այդպիսի գործերի օբյեկտիվ քննություն չի սպասում նաև Կևորգ Կոստանյանից: «Քանի որ ՀՀ-ում գոյություն ունի ընտրողական արդարադատություն, բնականաբար, կախված սուբյեկտիվ նպատակներից, հնարավոր է, որ Կոստանյանը որոշ գործեր վերաբացի: Բայց իրավական կանխատեսելիության և միանշանակության տեսանկյունից որևէ փոփոխություն չի լինելու և ընտրողական արդարադատությունը ավելի է խորանալու. ես առավել քան համոզված եմ : Լիսկայի հայնտի գործի կասեցումը խոսում է այն մասին որ ձեռագիրը շատ ավելի խայտառակ է »,- վստահեցնում է Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://newsbook.am/archives/16882