«Լոկ բյուրոկրատական քաշքշուք եւ մտածելակերպ՝ կա՛մ էշը կմեռնի, կա՛մ էլ իշատերը, գործը կփակեն»
14:08, July 15, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2011 թ-ի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, մտավախություն ունի, որ դատարանը վերջնականապես արդարացման դատավճիռ է հրապարակելու և անմեղ է ճանաչելու այն մարդկանց, ովքեր նախաքննական մարմինների կողմից ճանաչվել են ամբաստանյալ, և զինվորի հոր կարծիքով՝ իրենց մասնագիտական պարտականությունները անփութորեն կատարելու հետևանքով իր որդուն՝ զինծառայող Հայկ Խաչատրյանին, հասցրել են մահվան: Այսօր հերթական դատական նիստն է տեղի ունեցել եւ ըստ Մովսես Խաչատրյանի՝ դատավորը ցանկանում է դեպքից տարիներ անց նոր փորձաքննություն իրականացնել, ինչի նպատակը, զինվորի հոր խոսքերով, գործի միտումնավոր ձգձգումն է:
Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին: Մինաս Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ:
Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
«Հիմա արդեն միտումնավոր ուզում են ձգձգել, արհեստական խնդիրներ են առաջ բերում, կրկնակի փորձաքննություն են ուզում նշանակել եւ այլն, այդքան բան: Ես եւ իմ շահերի ներկայացուցիչը դեմ ենք, որովհետեւ այդ հարցին տրվել է սպառիչ պատասխան: Էլ ի՞նչ փորձաքննություն, էլ ինչու՞…Ուզում են ձգձգել եւ գործը եւս մի քանի ամիս քնեցնել: Իսկ նպատակը մեկն է, որ գործը հնանա, տերը շնանա, այդ կարգի: Խոսքը բժշկական փորձաքննության մասին է, որը մինչեւ վեց ամիս կձգձգի գործը, մինչեւ ուր՝ չգիտեմ: Իսկ իրանք՝ամբաստանյալները, հանգիստ իրենց համար աշխատում-ապրում են, պատահում է, որ չեն էլ գալիս դատարան, ասում են՝ հիվանդ են, գործուղման են: Իրանց ի՞նչ է եղել, իմ երեխին հողը դրին, իրանք էլ հանգիստ ապրում են»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը:
Ինչ մնում է այն հրամանատարներին, ովքեր, Մովսես Խաչատրյանի պնդմամբ, հիվանդ տղային մեղադրել են «սիմուլյանտության» մեջ եւ հրամայել, որ վազի ու ծառայության մեջ լինի, ըստ մահացած զինվորի հոր, նրանք ընդամենը կարգապահական տույժեր ու նկատողություններ են ստացել:
«Ոչ մի պատիժ էլ չեն կրում, եւ սա է իրականությունը: Նրանք ընդհանրապես կապ չունեին, իմ պաշտպանը դրանց համար էլ միջնորդություն էր ներկայացրել, որ ընդգրկեին որպես գործով ամբաստանյալ, իրանց ընդամենը պաշպանության նախարարությունը նկատողություն է հայտարարել ու վերջացել-գնացել է:
Էս երկրի հանցագործ դատարանները սրանք են, համբերությամբ պիտի զինվեմ, որ տեսնեմ՝ մինչեւ ուր կարող ենք գնալ-հասնել, մինչեւ Եվրոդատարան:
Մինչեւ վերջ դիմելու եմ, իմ երեխային աչքիս առաջ տանջամահ են արել: Տիպիկ հանցագործի դրսեւորում է, այն ժամանակ խոստացան, որ կպատժեն, ուսումնասիրող հանձնաժողով կձեւավորվի… Պարզ է՝ այս երկրի իշխանությունները սուտլիկ որսկանների նման ոչ մի բան էլ չեն անում, հանցագործ են, հո առաջին անգամը չէ՞ իրանց, քանի այդպիսի գործեր են արել, հո խամ հող փորել չէ՞, լոկ բյուրոկրատական քաշքշուք եւ մտածելակերպ՝ կա՛մ էշը կմեռնի, կա՛մ էլ իշատերը, գործը կփակեն, իրանք էլ հանգիստ խղճով կապրին, զինվորիս սպանեցին պրծան, հողը դրին պրծան, է ի՞նչ, հանցագործ են՝ հանցագործներին էլ պտի պաշտպանեն, որ չփլվի այս հանցագործ ռեժիմը, էլ ուրիշ բան չեմ կարող ասել»: