«Հազարամյակի հիմնադրամից» նոր դրամաշնորհ ստանալու համար իշխանությունները պետք է հրաժարական տան. Ա. Սաքունց
00:00, April 18, 2011 | ՆորություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով եղել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» հայաստանյան ծրագրի շահառուների խորհրդի երկրորդ կազմի անդամ, անդրադառնալով Մարի Յովանովիչի հայտարարությանը, թե Հայաստանն այլևս չի կարող դիմել ծրագրին դրամաշնորհ ստանալու համար, կարծիք հայտնեց, որ դա սպասելի էր:
«Դեռևս այն ժամանակ, երբ շահառուների խորհրդի անդամ էի, պարբերաբար հայտարարում, ահազանգում էինք, որ ՀՀ-ն ՀՄԿ-ի չափորոշիչներին չի համապատասխանում և պետության ֆինանսավորումը վտանգի տակ է: Ամերիկյան կողմին էլ ենք մեր պահանջները ներկայացրել: Սա լինելու էր և դեռ ավելի շուտ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Սաքունցը:
Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ իշխանություններին զգուշացրել են, որ չեն իրականացվում ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները. «Անգամ ֆինանսավորման որոշակի մաս կրճատվեց, բայց, ըստ երևույթին, այդ ամենը տեղ չի հասել, և իշխանությունները չեն իրականացնում իրենց պարտավորությունները: Այս խնդիրը «բնականոն» զարգացել է և եկել հասել է այս պահին: Շատ բնական է, որ այլևս չեն ֆինանսավորելու»:
Սաքունցը նշեց, որ եթե շարունակվում են ընտրախախտումները, Ազատության հրապարակում հանրահավաքներն արգելված են, «Ա1+»-ին խայտառակ ձևով զրկում են եթերից, խոշտանգումները ոստիկանության բաժանմունքներում շարունակվում են, մահացության դեպքերը զինված ուժերում առկա են, ապա Հայաստանի իշխանությունները չէին կարող հավակնություն ունենալ, որ ՀՄԿ ծրագիրը կշարունակվի այստեղ:
«Սա եզակի ծրագիր է, որի ֆինանսավորումն ու շարունակելիությունը պայմանավորված են քաղաքացիական, քաղաքական, տնտեսական որոշակի իրավունքների չափորոշիչների համապատասխանությամբ»,- նկատեց Արթուր Սաքունցը:
Հարցին, թե ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որպեսզի կարողանան նորից մասնակցել ՀՄԿ ծրագրին, Սաքունցը պատասխանեց. «Պետք է հրաժարական տան գնան, այսօրվա իշխանությունը որևիցե բան չունի անելու»: