«Հետքի» հոդվածների հետքերով
00:00, September 17, 2011 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | ՈստիկանությունԳործարար եւ պաշտոնյա Վիկտոր Դարբինյանը «Հետքին» պատմել էր մարզի «բարձրաստիճան» իրավապահների կողմից միջին եւ խոշոր գործարարներին ֆինանսական կախվածության մեջ գցելու մասին: Վ. Դարբինյանը դա պատմել էր իր օրինակով` դրվագ առ դրվագ ներկայացնելով, թե ինչպես է գործում իրավական համակարգը «անհնազանդների» նկատմամբ:
Իր «անհնազանդության» ուղղակի հետեւանքն էր համարում իրավապահների կողմից իրեն պատկանող ավտոկանգառում «ապօրինի» իրականացված ստուգումները, ինչպես նաեւ խուլիգանության դեպքով որդու կալանավորումը: «Հետքն» առանձին հոդվածներով անդրադարձել է այդ դրվագներին:
«Հետքի» հոդվածների հետքերով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) հարցումներ է ուղղել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին եւ հետաքրքիր պատասխան է ստացել նրանից:
Մասնավորապես, մարզի դատախազին ուղղված առաջին հարցմամբ ՀՔԱՎ-ը տեղեկատվություն է խնդրել այն մասին, թե ինչ ստուգումներ են իրականացվել Վ. Դարբինյանին պատկանող ավտոկանգառում (ավտոկանգառի աշխատողները «Հետքին» հայտնել էին, որ ստուգումներն անց են կացվել դատախազի ցուցումով): Մարզի դատախազը պատասխան գրությամբ հայտնել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչների շրջանում շրջանառվող դժգոհություններից պարզվել է, որ Գարեգին Նժդեհ եւ Մյասնիկյան փողոցների միջեւ ընկած հատվածում ավտոմեքենաները կայանելիս տարբեր անձանց կողմից պահանջվում եւ ստացվում են գումարներ:
«Այդ կապակցությամբ անհրաժեշտ է պարզել, թե ում կողմից, ինչ հիմքերով են հավաքվում գումարները, ուր են մուտքագրվում, նշված ճանապարհահատվածը ինչ հիմքով, ինչ կարգով եւ ում է պատկանում»,-նշված է դատախազի պատասխանի մեջ:
Կ. Շահբազյանը հրահանգել էր ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Ս. Ավետիսյանին զբաղվել նյութերի նախապատրաստմամբ եւ ընթացքի վերաբերյալ զեկուցել վերահսկողություն իրականացնող դատախազին:
ՀՔԱՎ-ը երկրորդ հարցումն էր ուղղել մարզի դատախազին` տեղեկատվություն խնդրելով այն մասին, թե ինչ ձեւով է արտահայտվել նշված ավտոկանգառում ավտոմեքենաների կայանման հետ կապված քաղաքացիների դժգոհությունը: Խնդրել էր տրամադրել պատճենները: ՀՔԱՎ-ը նաեւ հետաքրքրվել էր, թե ո՞ր ՀՀ իրավական նորմով է սահմանվում դատախազի` գրությամբ ոստիկանապետին ներկայացված ցուցումը: Մարզի դատախազը հարցմանը պատասխանել էր հետեւյալ գրությամբ. «Չնայած դատախազությունը օրենքների պարզաբանման պարտականություն չունի, բայց, այնուամենայնիվ, հետագայում անտեղի գրագրություններից խուսափելու, ժամանակ խնայելու նպատակով պարզաբանում եմ, որ Լոռու մարզի դատախազություն քաղաքացիներից դժգոհություններ, բողոքներ, տեղեկություններ կամ հաղորդումներ ստացվում են ընդունելությունների, հանդիպումների, հեռախոսազանգերի եւ այլ շատ տարբեր դեպքերում ու եղանակով, որոնք լինում են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր:
ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված կարգով դատախազը իր լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալների, հետեւանքների, նյութական հետքերի հայտնաբերման դեպքում պարտավոր է ստուգել դրանք, իսկ հիշյալ առիթները հիմնավորվելու դեպքում հարուցել քրեական գործ: Ի դեպ, ստուգումներն ու նյութերի նախապատրաստումը իրականացվում է հետաքննական կամ նախաքննական մարմնի միջոցով:
Ինչ վերաբերում է որեւէ նյութով կամ քրեական գործով փաստաթղթեր տրամադրելուն, ապա հերթական անգամ պարզաբանում եմ, որ ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով դրանք կարող են տրամադրվել միայն դատավարական կարգավիճակ ունեցող անձանց, այլ ոչ թե ամեն ցանկացողի»:
Նշված պատասխանին հետեւել է ՀՔԱՎ-ի` դատախազին ուղղված հաջորդ գրությունը` հետեւյալ բովանդակությամբ. «Ոստիկանության Վանաձորի բաժնի պետին հայտնել եք, որ Լոռու մարզի դատախազությունում Վանաձոր քաղաքի բնակիչների շրջանում շրջանառվող դժգոհություններից պարզվել է, որ ավտոմեքենաներ կայանելիս տարբեր անձանց կողմից պահանջվում եւ ստացվում են գումարներ… Խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե քաղաքացիների մոտ շրջանառվող դժգոհությունները ի՞նչ կարգով են արձանագրվել Լոռու մարզի դատախազությունում, կա քաղաքացիների կողմից հանցագործության մասին հաղորդումներ, դիմումներ, բողոքներ, եթե այո, տրամադրեք դրանց պատճենները: Միաժամանակ խնդրել էինք հայտնել, թե իրավական ո՞ր նորմով է սահմանվում ոստիկանապետին ներկայացված Ձեր ցուցումը:
Ի պատասխան ստացվել է Ձեր գրությունը, որում հայտնել եք, որ Լոռու մարզի դատախազություն քաղաքացիներից դժգոհություններ, բողոքներ ստացվում են ընդունելությունների, հանդիպումների եւ այլ եղանակներով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր:
Կազմակերպությունը չէր հարցնում, թե ընդհանրապես դատախազությունում ինչ կարգով են ստացվում տեղեկություններ հանցագործությունների մասին, այլ կոնկրետ մատնանշած դեպքի առնչությամբ կոնկրետ տեղեկատվությունն ինչ կարգով է ստացվել: Եվ ինչ իրավական նորմով է սահմանվում ոստիկանապետին ներկայացված հստակ մատնանշված դիմումը: Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված դատախազի լիազորություններին, որ «…հանցագործության մասին տվյալների հայտնաբերման դեպքում պարտավոր է ստուգել դրանք, իսկ հիշյալ առիթները հիմնավորելու դեպքում հարուցել քրեական գործ», ապա Ձեր կողմից մեջբերված իրավական վերլուծությունը տվյալ պարագայում կիրառելի չէ, այն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասից ըստ որի` քրեական գործ հարուցելու առիթներն են` հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Տվյալ նորմը դատախազությանը լիազորություն չի տալիս ոստիկանության պետին ցուցումներ տալու համար, այլ թվարկում է քրեական գործ հարուցելոի առիթները: Ինչ վերաբերում է Ձեր գրության վերջին պարբերությանը, որ «Նյութերով կամ քրեական գործով փաստաթղթեր կարող են տրամադրվել միայն դատավարական կարգավիճակ ունեցող անձանց, այլ ոչ թե ամեն ցանկացողի», ապա «ամեն ցանկացողը» ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին է, որը, անկախ բնակության վայրից, սոցիալական դրությունից, ունեցվածքից, քաղաքական եւ կրոնական համոզմունքներից եւ պաշտոնական դիրքից, ՀՀ իշխանության տնօրինողն է: ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին` ըստ ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածի: «Ամեն ցանկացողը» ՀՀ քաղաքացին է, որի վճարած հարկերի հաշվին ձեւավորվում է պետական բյուջեն, որից հատկացվում են բոլոր պետական մարմինների, այդ թվում` դատախազության գործունեության համար անհրաժեշտ միջոցները, հետեւաբար յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է ՀՀ քաղաքացու նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք՚:
Այս վերջին գրությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին է ուղարկվել սեպտեմբերի 15-ին:
Աղբյուրը՝ http://hetq.am/arm/articles/4445/