«Հիմա ինչ ` մենակ վարո՞րդն է մեղավոր, բա հիմնա՞րկը»
08:48, July 20, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀրաչյա Հարությունյանի դատավարությունը չի կարող Հայաստանում լինել: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը.
«Դա միջազգային իրավունքի խնդիր է. կախված է պայմանավորվածությունից, բայց որքանով ես տեղյակ եմ` համապատասխան կոնվենցիա չի նախատեսվում: Հնարավոր է պատժի կրում մեր երկրում դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, բայց քանի որ դեռ չկա դատարանի վճիռը, դեռ վաղ է քննարկել այդ հարցը, ուստի ճիշտ է պատշաճ պաշտպանություն ապահովենք մեր քաղաքացուն, նոր դրանից հետո կխոսենք»,- նշեց Բալայանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԱԺ անկուսակցական պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը նույնպես հաստատեց, որ չի կարող դատավարությունը մեզ մոտ լինել.
«Նման պրոցեդուրա չկա, որ դատավարությունը մեզ մոտ լինի, որովհետև հանցագործությունը տեղի է ունեցել Ռուսատանում, լավագույն դեպքում տարբերակը հետևյալն է, որ այնտեղ դատավարությունը լինելուց հետո ՀՀ-ն փորձի պահանջել, որ մեր քաղաքացին մեր երկրում կրի իր պատիժը` արտահանձնման կոնվենցիայի համաձայն, որ մենք ունենք նաև ՌԴ-ի հետ, բայց այդ պարագայում պետք է պետությունը չառարկի. արտահանվող պետությունը առարկություն չպիտի ունենա, դա մեխանիկորեն ընթացակարգ չէ, որ մենք պահանջենք, իրենք անպայման արտահանձնեն, իրենք կարող են առարկություններ ունենալ»:
Փաստաբանը խոսեց նաև Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվող ստորացուցիչ վերաբերմունքի մասին.
«Եթե իր փաստաբանների կողմից հարցը բարձրացվի, դա կարող է Եվրոպական դատարանը քննության առնել, դրա համար պետք է այդ հարցը վիճարկվի, այսինքն` նվաստացուցիչ վերաբերմունքի հարցն ուղղվի ՌԴ-ին, այնուհետև Եվրոպական դատարան, իմ կարծիքով` այնտեղ կարող են հաջողության հասնել»,- եզրափակեց իր խոսքը Մարուքյանը:
«Մինչ դատավարությունը, այս պահին արդեն պետք է բողոքներ, հաղորդումներ ներկայացվի ՌԴ-ի գլխավոր դատախազություն կամ իրենց Քննությունների կոմիտե` Հրաչյա Հարությունյանի նկատմամբ այդ անմարդկային վերաբերմունքի փաստով քրեական գործ հարուցելու պահանջով»,- մեզ հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` հավելելով, որ այդ խնդիրը չպետք է անուշադրության մատնվի.
«Եթե մարդը գտնվել է ձերբակալության մեջ ու եթե առողջական հիմքով հիվանդանոց է տեղափոխվել, ապա նա շարունակում է գտնվել ոստիկանության հսկողության տակ, բժշկական անձնակազմը պատասխաատու է միայն բժշկական օգնություն տրամադրելու հարցում, իսկ հագուստ ապահովելու հարցում դա պետք է անմիջականորեն տրամադրվեր ոստիկանության կողմից:
Պետք է իրականացվի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, որպեսզի պարզվի, թե ինչում է մեղավոր Հրաչյա Հարությունյանը դեպքի համար: Վերջին հաշվով 18 մարդկային զոհ է եղել, հիմա ինչ է մենակ վարո՞րդն է մեղավոր, բա հիմնա՞րկը, արդյոք այդ բեռնատարը տեխնիկապես պատրաստ է եղել շահագործման, դա պետք է համապատասխան տեխզննման անցներ, որի պատասխանատուն հիմնարկն է, որտեղ աշխատել է Հրաչյա Հարությունյանը, ուստի պետք չէ արդեն մեղավոր ճանաչել ու մտածել նրան ՀՀ տեղափոխելու մասին, իսկ ընդհանրապես միջպետական համաձայնությամբ կալանավորը կարող է տեղափոխվել իր մայր երկիր և այնտեղ շարունակի պատիժը կրել»:
Սաքունցը նշեց, որ այս օրերին շատ եղան էմոցիոնալ քննարկումներ` ազգային պատկանելությունից ելնելով ու խորհուրդ տվեց խուսափել էմոցիաներից.
«Պետք է խուսափել էմոցիոնալ քննարկումներից, կարող էր ազգային պատկանելությունը կապ չունենալ, որովհետև ՌԴ-ն իր քաղաքացիների նկատմամբ այնպիսի խայտառակ անօրինականություններ է կատարում, այստեղ քաղաքական ենթատեքստը հենց ՌԴ քաղաքականության բնույթի մեջ է, որ ունի խտրական վերաբերմունք ըստ ազգային պատկանելության նույնիսկ իր քաղաքացիների նկատմամբ, բայց ՀՀ-ի համար նշանակություն չպետք է ունենա` այդ քաղաքացին եզդի է, ասորի, ուկրաինացի, թե՞ հայ»,- ասաց Սաքունցը: