«Մարտի մեկը պրծար, հիմա էլ էս էր»
00:00, November 22, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մակյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին կհրապարակի ըստ պաշտոնական վարկածի ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու գործով դատավճիռը:
Մինչ դատավճռի հրապարակումն այսօր դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Մորես Հայրապետյանի պաշտպան Գայանե Անտոնյանը, ով իր ճառում հիմնականում անդրադարձ կատարեց Չարենցավանի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանի` դատարանում հնչեցրած «ստահոդ» հայտարարություններին: Գայանե Անտոնյանը, սակայն, չանդրադարձավ Աշոտ Հարությունյանի կողմից իր պաշտպանյալի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որ դեպքից անմիջապես հետո դանակը տեսել էր հենց Մորես Հայրապետյանի ձեռքում:
Փաստաբանի խոսքով, քանի որ իր պաշտպանյալը նախաքննության և դատաքննության ընթացքում ընդունել է իր մեղքը, այն է, չի կարողացել կանխել Խալաֆյանի ինքնասպանությունը, ուստի դատարանում ներկայացրեց մեղմացուցիչ հանգամանքներ, մասնավորապես, նախաքննական մարմնին օժադակել է հանցագործությունը բացահայտելու հարցում: Ըստ էության, Մորես Հայրապետյանի պաշտպանի ճառը բովանդակությամբ չէր տարբերվում մեղադրական ճառից, իսկ իր պաշտպանյալի մասով պատիժ նշանակելու հետ կապված Գայանե Անտոնյանը խոսքն ամփոփեց այսպիսի ձևակերպմամբ:
«Դատավարության ամբողջ ընթացքը Մորես Հայրապետյանի համար ծանր փորձաշրջան էր: Նրան այլևս պետք չէ ուղղվելու և հետևություններ անելու համար ժամանակ սահմանել, մանավանդ որ, շուրջ մեկ ամիս նա անարդարացի գտնվել է կալանքի տակ, աջակցել է հանցագործության բացահայտմանը, պատրաստ է նաև հարթել հանցագործությամբ պատճառված վնասը»:
Ոչ ոստիկանության օպեր լիազոր Մորես Հայրապետյանը և ոչ էլ նրա պաշտպանը չէին արձագանքել նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի` դատարանում հնչեցրած ուղղակի մեղադրանքին, որ Մորես Հայրապետյանն է դանակը մտցրել Խալաֆյանի որովայնը: Այսօր Արտակ Զեյնալյանը միջնորդեց դատարանին վերաորակել և խստացնել մեղադրանքը հենց օպեր լիազորի մասով: Ի դեպ, Գայանե Անտոնյանի ճառի ընթացքում Աշոտ Հարությունյանի հայրը մի քանի անգամ ռեպլիկներ նետեց Մորես Հայրապետյանի հասցեին, թե «դու ես դանակը մտցրել Խալաֆյանի փորը»:
Այսօր ճառով հանդես եկավ նաև Աշոտ Հարությունյանը, ով չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը և հայտարարել, որ տեղի ունեցածն ինքնասպանություն չէ: Նա ևս մեկ անգամ պնդեց, որ Մորես Հայրապետյանի ցուցմունքների հիման վրա իրեն ներկայացված մեղադրանքը սուտ է: Նա իր ճառում պարբերաբար մեղադրանքներ էր հնչեցնում մեղադրող կողմի հասցեին` իր և իր պաշտպանի վկայակոչած ապացույցներն անուշադրության մատնելու համար: Նա ևս մեկ անգամ անդրադարձավ մահվան սենյակում կատարվածին, իր լսած «դմբդմբոցին ու էս ինչ արեցիք» արտահայտությանը, ինչին հակադարձեց մեղադրող Կորյուն Փիլոյանը:
«Երբեք չի ասում, որ որևէ մեկն ինձ ասեց, որ էս ինչը նրան խփեց և այս ապացույցների առկայության պայմաններում Աշոտ Հարությունյանը գտնում է, որ ինքնասպանություն չէ»: Մեղադրող Փիլոյանը ցավ հայտնեց նաև, որ քրեական հետախուզության նախկին պետը միակը չէ, ով այդպես է գտնում:
«Զեյնալյան Արտակն էլ է գտնում, որ ինքնասպանություն չի եղել: Ինչու, ինչ է կատարվում ըստ էության», հարցնում էր մեղադրողը և ինքն էլ պարզաբանեց հարցը. «գործիք են դարձրել և տուժողի իրավահաջորդին, և ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին, իրենց նպատակներն իրականացնելու համար», հայտարարեց Փիլոյանը` չնշելով, թե ում նկատի ունի:
Մեղադրողի «գործիք» որակմանը շատ բուռն արձագանքեցին ոչ միայն Խալաֆյանները, այլև Հարությունյանները: Վահան Խալաֆյանի հորեղբայրը` Հմայակ Խալաֆյանը հակադարձեց մեղադրողին. «Մենք գործիք չենք, կոմպրոմիսի ու գործարքի գնացող մարդիկ չենք ես ձեզ հավաստիացնում եմ պարոն Փիլոյան», բորբոքված ասաց Խալաֆյանը:
Հիմնական ելույթներից հետո ռեպլիկով հանդես եկավ փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Իմ պաշտպանյալի վրա են թողել նաև այն մեղքը, թե իմ պաշտպանյալի գործողությունների հետևանքով արատավորվեց ոստիկանությունը: Պիտի հիշեցնեմ, որ երբ ոստիկանությունը մարտի մեկին դուրս էր գալիս ժողովրդի դեմ արդեն արատավորված էր…»: Մեղադրող Կորյուն Փիլոյանը ընդհատեց Սաֆարյանի խոսքը` ռեպլիկով. «Դա էր Ձեր նպատակը»:
Դատական նիստի ավարտից հետո կրքերը դեռ չէին հանդարտվել և դրանք շարունակություն ունեցան: Խալաֆյաններին խոցել էր մեղադրողի գործիք բնորոշումը:
«Մարտի մեկը պրծար, հիմա էլ էս էր», Փիլոյանի հասցեին նետեց Հմայակ Խալաֆյանը:
Կրքերը չէին հանդարտվում նաև դատարանից դուրս: Աշոտ Հարությունյանի մայրն ասում էր, որ Վահան Խալաֆյանի գլխին աթոռով խփել է Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը: Մայրն ասում էր այն, ինչը չասաց որդին ամբողջ դատավարության ընթացքում, ում խոսքին և սպասում էին Խալաֆյանները: Այսօր դատական նիստի ավարտից հետո, դատարանի դահլիճում այդ առիթով Խալաֆյանները մեղադրական խոսքեր ասացին Աշոտ Հարությունյանի հասցեին: