«Որակական հեղափոխություն ընտրություններում»՝ սա շատ անորոշ ձևակերպում է. Ա. Սաքունց
00:00, November 5, 2011 | Նորություններ | Ընտրական իրավունք«Որակական հեղափոխություն ընտրություններում»՝ սա շատ անորոշ ձևակերպում է. ընտրությունները լինում են կամ ազատ, անկախ և արդար, կամ կեղծված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը`մեկնաբանելով Միքայել Մինասյանի այն խոսքը, թե Հայաստանի գալիք ընտրություններում գրանցվելու է որակական հեղափոխություն:
«Եթե, որակական հեղափոխություն ասելով, նկատի ունեն ազատ և արդար ընտրությունները, ես խիստ կասկածում եմ: Եթե նրանք նկատի ունեն, որ
Վլադիմիր Գասպարյանով, Հովիկ Աբրահամյանով և Միքայել Մինասյանով ազատ և արդար ընտրությունների իրականացման հնարավորություն կա, ես դա բացառում եմ»,- նշեց իրավապաշտպանը` հավելելով, որ բացառում է այնքան ժամանակ, քանի դեռ նախորդ ընտրությունների վերաբերյալ որևիցե գնահատական խախտումների մասով իշխանությունների կողմից չի գրանցվել:
Ըստ նրա`ոչինչ հույս չի ներշնչում, թե լինելու են ազատ և արդար ընտրություններ: «Թե՛ ազգային ժողովի, թե՛ նախագահի, թե՛ քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդումների, թե՛ ավագանու ընտրությունների հետ կապված նույն մարդկանց կողմից գնահատականներ չեն եղել դատապարտող, որևիցե վստահություն չունենք, որ կանցկացնեն ազատ և արդար ընտրություններ»,- մեկնաբանեց իր տեսակետը Ա. Սաքունցը`ընդգծելով, որ հասարակությունը վստահության տեսանկյունից նույնպես որևէ հայտ չի ներկայացրել, որպեսզի դա իրապես գնահատեն որպես արմատական, որակական փոփոխություն: