«Չասեն` Համմարբերգը գող-գող եկավ, գնաց»
00:00, November 29, 2008 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, Քաղբանտարկյալներ«Մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը, որտեղ քննարկվելու է ՀՀ–ի հարցը, ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անի»,- համոզված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:
Նրա կարծիքով` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Երեւանում, երբ հայտարարում էր, որ մեր իշխանությունները մինչեւ հունվար կարող են թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների ուղղությամբ քայլեր իրականացնել, ինքն էլ գիտեր, որ որեւէ քայլ չի իրականացվում, ընդամենը հիշեցնում էր Հայաստանին սպասվող պատժամիջոցների մասին. «Որպեսզի հետո չասեն` Համմարբերգը գող-գող եկավ` գնաց: Ես վստահ եմ, որ ԵԽ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի, սակայն չեմ կարող ասել` կոնկրետ ինչպիսի»:
Արթուր Սաքունց չի կասկածում, որ իշխանությունները հենց այնպես ազատ չեն արձակի քաղաբանտարակյալներին, դա նույնն է, որ նրանք ընդունեն, որ անմեղ մարդկանց են ազատազրկել:
Ընդհանրապես քաղբանտարկյալների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքն ու գործողություները, ըստ Սաքունցի, ամբողջությամբ տեղավորվում են իշխանությունների գործելաոճի մեջ:
«Այսօր անազատության մեջ են առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ` Հակոբ Հակոբյան, Մյասնիկ Մալխասյան, Աշոտ Զաքարյան, Սասուն Միքայելյան եւ այլն: Նրանց անազատության մեջ պահելը իշխանությունների կողմից կանխամտածված խոշտանգում է: Ես գնահատում եմ այդպես, քանի որ նրանք անազատության մեջ են միայն նրա համար, որ իրենց քաղաքական հայացքները դուր չեն գալիս իշխանություններին»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի կարծիքով` իշխանություններն իրենց գործողություններով պատասխանատվություն են կրում նաեւ քաղբանտարկյալների հարազատների առաջ:
«Բազմաթիվ քաղբանտարկյալների հարազատներ նրանց ձերբակալությունից հետո առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնեցին, նրանցից ոմանք մահացան: Ոմանք իշխանությունների հետապնդումների պատճառով չկարողացան բուժօգնություն ստանալ, օրինակ` Անդրանիկ Հովակիմյանը, եթե ընդհատակում չլիներ եւ ժամանակին նորմալ բուժօգնություն ստանար, չէր մահանա: Այսինքն` քաղաքական հետապնդումների հետեւանքները ոչ միայն ուղղակի անդրադառնում են քաղբանտարկյալների, այլեւ նրանց հարազատների վրա, որի պատասխանատովությունը կրկին ընկնում է գործող ռեժիմի վրա»,- կարծում է Սաքունցը:
Նա համարում է, որ քաղաքական հալածանքների է արդյունքնում է մահացել նաեւ Գագիկ Ջհանգիրյանի մայրը. «Իրավական առումով շատ հեշտ է հիմնավորել, որ որդու ձերբակալությունից հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատթարացել է»:
Իրավապաշտպանը իշխանությունների պատասխանատվությունը տեսնում է նաեւ այն մարդկանց առաջ, ովքեր գործազուրկ են դարձել որոշ գործարարների նկատմամբ իշխանությունների հաշվեհարդարի արդյունքում: «Օրինակ` Սուքիասյանների բիզնեսի նկատմամբ հալածանքների արդյունքում 500 մարդ զրկվեցին աշխատանքից: Հայաստանում տիրող քաղաքական հալածանքների ամբողջ համակարգը եւ դրանց հետեւանքների ամբողջությամբ տեղավորվում է դիկտատուրայի մեջ»:
Նա կարծում է, որ այս բոլոր դեպքերը պետք է իրավական ձեւակերպումներ ստանան, եւ եթե ոչ ՀՀ-ում, ապա Եվրոպական դատարանում անպայաման կշահեն:
Իհարկե, իրավապաշտպանն այն կարծիքին չէ, որ հալածյալների եւ քաղբանտարկյալների հայցերը Եվրոպական դատարան հասցնելուց հետո, մեր քաղաքացիները պետք է ձեռքերը ծալած նստեն. «Ես չեմ գտնում, որ պետք է մենք լավագույն դեպքում 2,5 տարի սպասենք: Մենք օր առաջ ամեն ինչ պետք է անենք, որ ազատվենք այս իշխանություններից»:
Իրավապաշտպանը կարծում է, որ ԵԽ-ն ինքն է այսօր խնդրի առաջ է կանգնած: «Դուք պատկերացնում եք, որ ԵԽ-ի անդամ երկրների շարքում ավելանա ոչ լեգիտիմ երկրների թիվը: Առաջին անգամ ԵԽ-ն խնդիր ունի մշակելու մեխանիզմներ` իր լեգիտիմությունը պաշտպանելու համար: Մեր խնդիրը այսօր ոչ միայն ՀՀ-ի խնդիրն է, այլ` համաեվրոպական»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա հիշեցրեց, որ եթե մեր իշխանությունները մինչ օրս պատասխանեին նույնիսկ մարտի 1-ից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջ քաշած հարցերին, շատ բան պարզ կդառնար: