«Պատգամավոր Ջհանգիրյանը հնարավորություն չի ունեցել վերաձեւակերպել իր արտահայտությունները եւ փորձել է շտկել դատարանում»
09:13, July 23, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 16-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը հրապարակել է «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման (վիրավորանքի եւ զրպարտության համար 300 000-ական դրամ), հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջների վերաբերյալ գործով դատական ակտի եզրափակիչ մասը:
Դատարանը վճռել էր հայցը մերժել:
Մենք ներկայացրել էինք կողմերից` հայցվորի եւ պատասխանողի դիրքորոշումները: Առավել ուշագրավ էր վճռի «դատարանի պատճառաբանությունները և իրավական վերլուծությունները» հատվածը: Դատարանը հիշեցնում է, որ հայցվորներ Մուսա Սերոբյանին, Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին ՀՀ զինվորական դատախազության կողմից (զինվորական դատախազ Ջհանգիրյանի պաշտոնավարման տարիներին) հարուցված թիվ 90800104 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թ. մայիսի 18-ի դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել և նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսի 30-ի դատավճռով առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել է. եւ նրանց դատապարտել ցմահ ազատազրկման: 2006թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ դատավճիռները բեկանվել են և նրանց մասով գործն ուղարկվել է նոր նախաքննության: Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, վերացվել է: 2012թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց արդարացրել է:
18.12.2012թ. www.aravot.am և www.lragir.am էլեկտրոնային կայքերում հրապարակված «Ջհանգիրյանը մեղքի զգացում բացարձակ չունի` Մատաղիսի գործով. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են» եւ «Ջհանգիրյանը չի փոխել իր կարծիքը Մատաղիսի գործով» վերնագրերով Գագիկ Ջհանգիրյանը ասել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «դրանք մարդասպան են» (www.aravot.am) եւ`»դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը» (www.lragir.am): Գնահատելով փաստական հանգամանքները, Արաբկիրի դատարանը արձանագրել էր. «Վերլուծելով սույն գործի փաստերը` դատարանը գտնում է, որ Գագիկ Ջհանգիրյանը իր կողմից արված հայտարարությունով դիտավորություն չի ունեցել հայցվորներին վիրավորանք հասցնելու և զրպարտելու: Դատարանը արձանագրում է, որ վերջինս հանդիսանալով հատուկ սուբյեկտ, արտահայտել է կարծիք մի գործի վերաբերյալ, որի նախաքննությունն իրականացվել է իր` զինվորական դատախազի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ, նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացրել է նրա ղեկավարած կառույցը և մեղադրական եզրակացությունը հաստատվել է նրա կողմից»: Ընդսմին, դատարանը նաեւ արձանագրել էր, որ. «Տվյալ դեպքում պատասխանողը նշված արտահայտությունները արել է խորհրդարանում, 9 տարի շարունակվող քրեական գործով մեղադրյալների նկատմամբ արդարացման դատավճռի կայացման օրը` բանավոր խոսքի միջոցով պատասխանելով լրագրողների հարցերին: Այստեղ դատարանը հատուկ ուշադրություն է ուզում հրավիրել այն հանգամանքին, որ դիրքորոշումը հայտնելու ժամանակ արդարացման դատավճիռն օրինական ուժ ստացած չի եղել»: Ըստ դատարանի, պատասխանողը հնարավորություն չի ունեցել վերաձևակերպել իր արտահայտությունները, և այն փորձել է շտկել դատարանում` նշելով, որ կատարված արտահայտություններն ուղղված են անձանց անորոշ շրջանակի, որ «Մարդասպաններ»ասելով նկատի է ունեցել ոչ թե հայցվորներին, այլ այն անձանց, ովքեր երկու հայ զինվորի մահվան պատճառ են հանդիսացել»:
Դատարանը միաժամանակ արձանագրել էր, որ պատասխանողի արտահայտած մտքերը նպատակ չեն ունեցել վիրավորել կամ զրպարտել հայցվորներին, նսեմացնել նրանց արժանապատվությունը, այլ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողները հարցազրույցի միջոցով նրան փորձել են մեղադրել խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու մեջ, ինչպես սեփական, այնպես էլ նախկինում իր ղեկավարած հիմնարկի, նրա աշխատակիցների արժանապատվությունը և հեղինակությունը պաշտպանելու նպատակ է հետապնդել»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/07/23/268907/