«Սատանայի փաստաբանը» Ստրասբուրգից մինչեւ ՀՀ դատախազ, որը ցույց տվեց ՀՀ ընդդիմության սնանկությունը
09:53, October 10, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն«Հանուն Սերժ Սարգսյանի եւ իշխանություններին մատուցած ծառայությունների. ուրիշ որեւէ հիմնավորում, որով բացատրվում է Գ. Կոստանյանի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու համար, գոյություն չունի»,-ԳԱԼԱ– հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով որպես տիպիկ բնորոշում Գ. Կոստանյանին՝ նրան անվանեց «սատանայի փաստաբան»: Ներկայացնում ենք Ա. Սաքունցի հարցազրույցը ԳԱԼԱ-ին:
-Պարոն Սաքունց, մենք ձեզ հետ նույն թեմայով զրուցել ենք, երբ դեռ Ս. Սարգսյանը ՀՀ դատախազի պաշտոնում Գ.Կոստանյանի թեկնածությունը չէր էլ առաջարկել, բայց այդ մասին խոսում էին բոլորը: Դուք էլ համոզված էիք, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնելու է Գ. Կոստանյանի վրա, այդպես էլ եղավ: Ինչու՞…
-Գ. Կոստանյանը ընդամենը երկու տարի զինդատախազ է աշխատել եւ ուրիշ որեւիցե մոտեցումներով աչքի չի ընկել: Ավելին, կարող եմ ասել, որ հենց գլխավոր դատախազի տեղակալները ավելի շատ փորձ ունեին դատախազության գործունեության բնագավառում, որը անհամեմատ էր Գ. Կոստանյանի փորձի հետ: Բայց պետք է այս խնդրին մոտենալ համակարգի նշանակության տեսակետից: Վերջին հաշվով ում էլ նշանակեն, դա որեւիցե էական նշանակություն չի ունենալու համակարգի բովանդակության եւ փոփոխության համար: Մենք համոզվել ենք գլխավոր դատախազության գործունեության երկարաժամկետ դիտարկման արդյունքում. այն նպատակ ունի կատարելու քաղաքական պահանջները՝ ծառայելու այդ քաղաքական ռեժիմի շահերին եւ ոչ թե նպաստելու արդարադատությանը: Մեծ առումով այդպես է, եւ նույնիսկ եթե Աղվան Հովսեփյանի տեղակալներից որեւիցե մեկին նշանակեին, ապա էլի որեւիցե բան չէր փոխվելու: Ուղղակի գոնե փորձառության, գիտելիքների, իրավիճակի տիրապետման առումով հնարավոր է որոշակի դեպքերում ունենալ բոլորովին այլ մոտեցումներ, որը նույնպես բացառվում է Գ. Կոստանյանի պարագայում: Այստեղ ոչ թե գիտելիքն է լինելու, միմիայն լինելու է մերկապարանոց քաղաքական ռեժիմին ծառայելու հանգամանքը:
-Պարոն Սաքունց, որո՞նք են Գ. Կոստանյանի մատուցած ծառայությունները ՀՀ իշխանություններին, ինչի՞ համար պարգեւատրեցին Գ. Կոստանյանին:
-Առաջինը` ինքը, ինչքան հիշում եմ, 2006 թ-ից ՀՀ իշխանության ներկայացուցիչն էր Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանում,այն դատարանում, որտեղ ՀՀ քաղաքացիները հայց են ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, որ խախտել են իրենց իրավունքները: Այսինքն ազգային դատարաններից դժգոհ են, եւ դրանց բողոքների գերակշիռ մասով Եվրոպական դատարանը ճանաչել է, որ ՀՀ-ն խախտել է իր քաղաքացիների իրավունքները: Նա հանդիսացել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը Մարդու իրավունքների դատարանում: Գեւորգ Կոստանյանը այնուամենայնիվ շարունակել է ներկայացնել Հայաստանի շահերը հակառակ տեսակետից, թե ընդհակառակը՝ իշխանությունները չէն խախտել մարդկանց իրավունքները: Այսինքն իդեալական գնահատականը Գ. Կոստանյանի գործունեության կայանում է հենց այդտեղ, որտեղ ինքը «սատանայի փաստաբանն» է հանդիսացել, որպիսին հանդես էր գալիս ՀՀ կառավարությունը: Եթե մարդը կարողանում է անընդհատ գտնվել այդ դերում, դա ենթադրում է որոշակի մտածելակերպ, վարքագիծ եւ կարողություն, հիմա այդ մարդուն վերապահվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: Դա նշանակում է, որ արդեն ինքը ունի կանխակալ վերաբերմունք, եւ դա այն պաշտոնն է, որը հսկողություն է իրականացնում մեղադրանքների նկատմամբ, այն պաշտոնն է, որը պետական շահերի դիրքերից է հանդես գալիս, դա այն պաշտոնն է, որը պաշտպանում է մեղադրանքը դատական ատյաններում: Այսինքն ինքը անմիջականորեն էլ կարող էր հանդես գալ մեղադրողի դերում, ինչպես Ա. Հովսեփյանը: Բայց այն սկզբունքը, որ պետք է դրվի այդ պաշտոնի գործունեության հիմքում, դա մարդու իրավունքների գերակայության սկզբունքն է: Հիմա այստեղ տրամաբանական հակասություն է գալիս. մի դեպքում մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպցիան է, որով պետք է հանդես գա, իսկ այդ տեսակետից մենք արդեն ունենք կասկածներ, թե ինքը հակառակ տեսակետից է հանդես եկել իր գործունեությամբ: Նա հադես է եկել որպես խախտումները պաշտպանող դիրքում, սա մեկ, մյուսը՝ երկու տարվա ընթացքում մենք այդպես էլ չտեսանք զինվորական հանցագործություններում պետական մեղադրողի իրապես տեսքը, կերպարը:
-Ի՞նչ գործեր կառանձնացնեիք:
-Արտառոց էր հատկապես Հայկ Մովսիսյանի գործը, երբ որ զինվորը զորացրվում է առողջական խնդիրների հիմքով: Նրան պետք է պիտանի չճանաչեին ծառայության համար, բայց բացահայտվում է ծառայության ընթացքում եւ այդ նույն առողջական պատճառներով երբ որ նա զորամասի տարածքը լքում է, զորացրումից հետո շարունակվում է քրեական հետապնդումը քաղաքացու նկատմամբ, եւ մեկ շաբաթ անց դատական վճռից հետո Հայկ Մովսիսյանին գտնում են կախված վիճակում Շուշի ՔԿՀ-ում, եւ այդ մեղադրանքը պաշտպանել է Գ. Կոստանյանը: Գ. Կոստանյանը աչքի ընկավ իր ունիկալ ծառայությամբ Լիսկայի որդու եւ թիկնապահի պաշտպանությամբ, երբ դադարեցրեց քրեական հետապնդումը: Նա դադարեցրեց հետապնդումը երկու մարդկանց նկատմամբ` ըստ էության հովանավորելով Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանին, որը ինքնին մեծ ծառայություններ ունի մատուցած Ս.Սարգսյանին եւ իշխանություներին եւ ավելին՝ ինքը ի սկզբանե այդ գործով արդեն իսկ հանդես եկավ որպես դատախազ եւ նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: Գ. Կոստանյանը, այս ծառայությունը մատուցելով իշխանությանը, ըստ էության վերստին հուսահատություն առաջացրեց քաղաքացիների շրջանում: Այսինքն` ոչ թե հիմնվեց օրենքի գերակայության եւ ժողովրդավարական արժեքների վրա, այլ ինքը միանշանակ գտնվեց քաղաքական իշխանության սպասարկողի դերում եւ այդ տեսակետից նման մտածելակերպ եւ գործելաոճ ունեցող մարդուն տեսնել գլխավոր դատախազի պաշտոնում, դա նշանակում է հուսախաբ անել ոչ միայն ամբոջ Սյունիքի մարզի բնակչությանը, այլ ամբողջ ՀՀ բնակչությանը:
-Պարոն Սաքունց, ի՞նչ կատարվեց խորհրդարանում ՀՀ դատախազի քվեարկության օրը, ի՞նչ գնահատական կտաք:
-Գիտեք, այս դեպքում մենք ստիպված ենք արձանագրելու, որ Գ. Կոստանյանը ընտրվեց ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլ նաեւ ընդդիմության կողմնակիցների աջակցությամբ: Այսպես կոչված Ժառանգության, Դաշնակցություն, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի, երեւի ԲՀԿ-ն մոտ 40 տոկոս վստահության քվե ուներ, չէ՞:
Նա ընտրվեց բացարձակ մեծամասնությամբ, չեմ հաշվում երեք դեմը, որոնք անհատներ էին: Հուսախաբության միտումը ամրապնդվեց ԱԺ քվեարկությամբ, որ նույնիսկ ընդդմադիր պատգամավորները խուսափեցին «դեմ» քվեարկել եւ այսպես կոչված իբր թե վստահության ռեսուրս տվեցին, որ աշխատի՝ ունենալով իմ նշած փաստերը: Դա նշանակում է ունենալ ջայլամի վարքագիծ եւ զբաղվել սոփեստությամբ, գլուխը թաղել հողի տակ, որ իբր թե ոչինչ չեն լսել, ոչինչ չեն իմացել, եւ որ այս քվեարկությամբ իրենց հավատարմությունը ցույց տալ Գ. Կոստանյանին: Այս տեսակետից՝ ԱԺ -ն ցույց տվեց, որ ծառայություն մատուցող մի կառույց է, որտեղ ընդդիմություն եւ իշխանություն հասկացողություները վերացան: Գ. Կոստանյանը դա մի ինդիկատոր էր, մի չափիչ գործիք էր, որը ցույց տվեց քաղաքական ընդդիմության սնանկությունը:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/kostanyan-saqunc_09.html