«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալի են ծեծել
00:00, October 21, 2010 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներԱյս տարվա սեպտեմբերին ամուսնու հետ երկարատեւ տեսակցություն ունենալու ժամանակ Վանաձոր քաղաքի բնակչուհին ականատես է եղել կալանավայրում տեղի ունեցող դեպքերին:
«Երկարատեւ տեսակցության եմ եղել ամուսնուս հետ: Հաջորդ օրը բարձր խոսակցության, սպառնալիքով հնչող ձայներն անհանգստացրին մեզ:
Միջանցքում գտնվող մի քանի համազգեստավոր անձինք իրար հետ խոսում էին, թե ոնց են սարքելու ոմն Արմենի գլխին, որպեսզի նրանից վերջապես հոգիներն ազատեն»,- պատմում է Էդիտա Փաշինյանը:
Նա նաեւ պատմում է, թե ինչպես են միջանցքում գտնվող անձինք ջարդել կողքի սենյակի դուռը, ապա ծեծի ենթարկել այնտեղ գտնվող անձին:
«Նրանց բարձրաձայն խոսակցության ձայներն ու հայհոյանքները հասնում էին մեր սենյակ, ծեծվող անձն էլ խնդրում էր, որ հանգիստ խոսեն, իրար հասկանան»,- շարունակում է Էդիտան:
Երբ ծեծն ավարտվել է, ինքն է գնացել ու օգնության հասել սենյակում գտնվող ընտանիքին. «Տուժածի քթից արյուն էր հոսում, կինը վախից կարկամել էր, չէր կարողանում խոսել, իսկ երեխան միալար ճչում էր»:
«Վանաձոր» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ եւս վկայում են, որ դատապարտյալ Արմեն Պետրոսյանին ծեծի են ենթարկել կնոջ ու անչափահաս երեխայի աչքի առջեւ:
«Դատապարտյալը խնդրում էր իրեն չծեծել, հանգիստ բացատրել, թե ինչ է պատահել»,- ասում են նրանք:
Արմեն Պետրոսյանը դատապարտվել է 4 տարի ժամանակով: Ազատմանը մնացել է 1,6 տարի:
«Լրացել էր նրա պատժի վաղաժամկետ ազատման օրենքով սահմանված ժամանակը: «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցներից մեկը խոստացել էր մեզ օգնել 500 դոլարի դիմաց, ինչը նա ստացել է ամուսնուս ծնողների միջոցով, սակայն խոստումը չի կատարել: Այդ առիթով ամուսինս բարկացել էր, ապա ընդհարվել նրա հետ, երբ անկախ հանձնաժողովը մերժել էր նրան պատժից վաղաժամկետ ազատել»,- պատմում է դատապարտյալ Արմեն Պետրոսյանի կինը՝ Հասմիկը:
Երկարատեւ տեսակցության ժամանակ Հասմիկն ամուսնուց իմացել է, որ աշխատակիցը երդվել ու խոստացել է սեպտեմբերի 10-ին դատարանից նրան տուն ուղարկել, միայն թե դադարեցնի փողը հետ պահանջելուց եւ այդ մասին ընդհանրապես չխոսի: Հաջորդ օրն էլ խոստումը հաստատելու համար իր ձեռքով մի շիշ օղի է հանձնել ամուսնուն:
«Ես զարմացա, ապա առաջին պահին հավատացի: Ամուսինս մի փոքր կում արեց, որից շատ չանցած՝ միջանցքից խմբակային ձայների խոսակցությունը գրավեց մեր ուշադրությունը: Մի քանի րոպե հետո խիստ հրահանգ լսվեց, որ դուռը բացենք: Այդ ժամանակ ամուսինս սկսեց դուռը ձեռքով ձգել դեպի իրեն, որ չկարողանան բացել: Իսկ միջանցքից սպառնում էին բացել, եթե ոչ՝ կջարդեն դուռը, ապա հայհոյում էին ամուսնուս: Դուռը ջարդեցին իմ, ամուսնուս եւ երեխայիս աչքիս առջեւ: Մի խումբ աշխատակիցներով ամուսնուս գետնին գցեցին, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկեցին: Ամուսինս պահանջում էր հանգիստ խոսել ու բացատրել, մեր ներկայությամբ իրեն չխայտառակել ու չհայհոյել: Ես վախից համարյա ուշագնացության էի հասել, որ նույնիսկ չէի գիտակցում՝ գոնե երեխայիս սփոփեմ, որ նույնպես վախից ճչում ու լալիս էր: Երեխան այդ օրվանից տառապում է գիշերամիզությամբ, գիշերները հաճախակի վախից արթնանում է, անիմաստ խոսքեր ասում հորը ծեծելու մասին: Կռիվը չէր դադարել, երբ սենյակ մտավ ՔԿՀ աշխատակիցը, ապա իր հետ դուրս տարավ իր նվիրած օղին, այդ ընթացքում սպառնալով՝ կտեսնենք, թե ում դեմ ես բողոքում, ումից ես փող հետ ուզում, տեսնեմ, թե սրա տակից ո՞նց ես դուրս գալու»,- պատմում է Հասմիկը:
Հետո լսել է, թե նա ինչպես է հրահանգել բացել կողքի սենյակի դուռը, ապա այնտեղ գտնվող անձանց ներս թողել, որ գան, օգնեն:
Հակառակ այս ամենին՝ իրավապահներն իրենց գործողություններում իրավունքի խախտումներ չեն տեսնում: Ըստ նրանց՝ դատապարտյալը հարբած վիճակում հայհոյանքներ է տվել, դիմադրություն է ցույց տվել, վնասել է դուռը, այդ ամենը կանխելու համար կիրառվել է ֆիզիկական հարկադրանք:
Դեպքի կապակցությամբ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
«Արդյո՞ք քրեակատարողական համակարգի աշխատակիցները մեղավոր են, կատարե՞լ են, արդյոք, անօրինական գործողություններ, թե՝ ոչ, կաշառք տալու եւ ստանալու փաստն առկա է, թե՝ ոչ, կպարզի քննությունը, բայց այն, որ առանց աշխատակիցների գիտության դատապարտյալը չէր կարող խուց օղի ներս տանել, դա անհերքելի է»,- բացատրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:
Աղբյուրը` http://www.aravot.am/am/articles/rights/84563/view