«Փաստաբանական հմտություններ» խորագրով առաջին սեմինար-դասընթացը
00:00, September 26, 2011 | Քննարկումներ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք2011 թ. սեպտեմբերի 24-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Անձին բերման ենթարկելը, ձերբակալելը, անձին անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցները» թեմայով սեմինար-դասընթաց՝ նախատեսված փաստաբանների, հանրային պաշտպանների և ուսանողների համար:
Որպես դասընթացավարներ ներգրավված էին ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Ռուբեն Հակոբյանը:
Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի փաստաբաններ, հանրային պաշտպաններ, ուսանողներ, ինչպես նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանները, այդ թվում՝ կազմակերպության Տաշիրի, Ստեփանավանի, Ալավերդու, Սպիտակի ներկայացուցիչ/իրավաբանները:
Էդմոն Մարուքյանի և Ռուբեն Հակոբյանի կողմից դասընթացի ընթացքում ներկայացվեցին անձին բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածի իրավունքները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները բերման ենթարկելու հետ կապված:
Դասընթացավարները, անդրադառնալով անձի ձերբակալմանը, մասնակիցներին ներկայացրեցին ձերբակալման հիմքերը և բողոքարկման կարգը, անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցները:
Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց հաջողությունները, ձեռքբերումները:
Է. Մարուքյանը հայտնեց, որ քրեական իրավունքի հիմնախնդիրների վերաբերյալ այս դասընթացը շարունակական բնույթ է կրելու, նախատեսված է իրականացնել մինչ նոյեմբեր ամիսը՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Դասընթացը նպատակ ունի մասնակիցներին ծանոթացնել ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նոր նախադեպերին, որը հնարավորություն կտա նրանց ավելի կատարելագործվել և միահամուռ ուժերով քննարկել խնդիրները՝ փորձելով լուծումներ տալ դրանց:
Դասընթացն իրականացվում է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության և Իրավունքի գերակայության նախաձեռնության կողմից: