ԱԺ ընտրություններն ազատ ու արդար չեն անցել. Արթուր Սաքունց
11:54, May 8, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՄայիսի 6-ին կայացած ընտրություններն ուղեկցվել են մի շարք ընտրախախտումներով՝ անձնագրերում դրվող կնիքների օքսիդացում, համատարած բաժանվող ընտրակաշառքներ և այլն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«Ընտրակաշառքներ բաժանվել են նաև ընտրությունների օրը, հիմնականում ՀՀԿ-ի կողմից, սակայն կաշառքներ բաժանել են նաև ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: Բացի այդ, եղել են հանձնաժողովներ, որոնց անդամները չեն տիրապետել օրենսդրությանը, չեն կարողացել ըստ էության կազմակերպել քվեարկության ընթացքը:
Արձանագրել ենք նաև քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր, լայնորեն կիրառվել է վաղուց մոռացված «կարուսելի» մեխանիզմը: Սա բավական ունիկալ երևույթ էր: Եղել են կրկնակի քվեարկության դեպքեր, սակայն ոչ մեծ քանակությամբ»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով` իրենց դիտորդական առաքելությունը փաստում է, որ հասարակությունը չի վստահում ընտրական գործընթացներին:
«Գտնում ենք, որ ընտրությունները չեն եղել ազատ ու արդար: Բազմաթիվ անպատասխան մեր դիմումները ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին մենք կհրապարակենք մի քանի օր անց՝ մեր հիմնական զեկույցում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական գնահատականներն իր համար այնքան էլ ընդունելի չեն, իսկ ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականների մասին առհասարակ չէր ուզի խոսել:
«Նրանք բոլորը հետխորհրդային, բռնատիրական կարգեր ունեցող երկրներից էին, որտեղ ժողովրդավարական ընտրություններ չեն կայանում, ուրեմն ինչպիսի՞ն պետք է լինեին նրանց գնահատականները»,- հարց հնչեցրեց նա:
Ամփոփելով՝ Սաքունցը տեղեկացրեց, որ երկարաժամկետ դիտորդությունն իրականացվել է միայն Վանաձորում՝ ապրիլի 8-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Գրասենյակի 113 անդամների կողմից կարճաժամկետ դիտորդություն իրականացվել են մայիսի 6-ին՝ Երևանի թիվ 7 ընտրատարածքում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում: Սրանց արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: