Աշխատանքային հանդիպում Վրաստանի և Հայաստանի մոնիթորների հետ
00:00, October 14, 2010 | Նորություններ | Ոստիկանություն2010 թ. հոկտեմբերի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր մեկօրյա աշխատանքային հանդիպում ոստիկանություն-քաղաքացի հարաբերությունների վերաբերյալ Վրաստանում մոնիթորինգ իրականացնող երիտասարդ ակտիվիստների հետ:
Իսկ հոկտեմբերի 13-ին նույն ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ Երեւան քաղաքում` Հայաստանում մոնիթորինգ իրականացնող երիտասարդների հետ:
Հանդիպումների նպատակն էր քննարկել մոնիթորինգի իրականացման ընթացքի հետ կապված հարցեր, մանրամասն դիտարկել աշխատանքային գործիքների կիրառման սկզբունքները:
Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվեցին մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ կարեւոր խնդիրներ, կազմվեց աշխատանքների հստակ ժամանակացույց եւ ձեւավորվեց արդյունավետ համագործակցության կազմակերպման պլան:
Հոկտեմբերի 13-ին աշխատանքային հանդիպումից անմիջապես հետո Հայաստանում մոնիթորինգ իրականացնողները ՀՀ ոստիկանության առաջարկությամբ հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Էդուարդ Ղազարյանի հետ:
ՀՀ ոստիկանությունը, ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ուղարկված նամակի, որտեղ կազմակերպությունը հայցում էր ոստիկանության աջակցությունը ոստիկանության բաժանմունքներում մոնիթորինգների իրականացման համար, ցանկություն հայտնեց հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների եւ մոնիթորների հետ՝ նպատակ ունենալով քննարկել մոնիթորինգի նպատակը եւ իրականացվելիք աշխատանքների ծավալը:
ՀՀ ոստիկանությունում կազմակերպված հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի շրջանակներում վերապատրաստված հայ մոնիթորները ստացան թույլտվություն` այցելություններ կատարել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ Երեւան, Վանաձոր, Սպիտակ եւ Գորիս քաղաքներում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Վրաստանի ոստիկանությանը եւս գրավոր դիմել է` Վրաստանում ոստիկանության բաժանմունքներ մուտք գործելու եւ մոնիթորինգ իրականացնելու աջակցության համար, սակայն դեռեւս պատասխան չի ստացվել:
«Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագիրն իրականացվում է National Endowment for Democracy (NED) (Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդ) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: