Աշխատողները բողոքի ցույց են կազմակերպել
00:00, November 14, 2008 | Մամլո հաղորդագրություններԱյսօր՝ 2008թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, Ալավերդիում գործող «Վալեքս» ՓԲԸ-ի աշխատակիցները կազմակերպել էին բողոքի ցույց գործարանի վարչության շենքի առաջ:
2008թ. նոյեմբերի 20-ից «Վալեքս» ՓԲԸ-ն դադարեցնում է աշխատանքային պայմանագիրը գործարանի մոտ 320 աշխատողների հետ: Եվ փաստացի թվով 320 մարդ հայտնվում է գործազուրկի կարգավիճակում:
Բողոքի ցույցը ավարտվել է նրանով, որ գործարանի իրավաբանը աշխատակիցներին ուղեկցել է Ալավերդու Մշակույթի պալատ և աշխատակիցներին հավաստիացրել, որ վաղը աշխատակիցների հետ հանդիպում կունենա «Վալեքս» գրուպի տնօրեն Վալերի Մեջլումյանը և կպատասխանի նրանց հուզող հարցերին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու ներկայացուցիչ Արմինե Բաբայանը այս կապակցությամբ հարցազրույց է ունեցել «Վալեքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա. Ղամբարյանի և մի քանի աշխատակիցների հետ: Ա. Ղամբարյանը պնդել է, որ գործարանը ամբողջությամբ չի լուծարվում, լուծարվում է միայն հանքի շահագործման և հարստացման ֆաբրիկան: Պատճառը, ըստ գործադիր տնօրենի, շուկայում պղնձի ոչ շահութաբեր գինն է: Իսկ այն հարցին, թե «Վալեքս» ՓԲԸ-ն ունի արդյոք աշխատավարձի կամ վնասի փոխհատուցման պարտքեր, Ա. Ղամբարյանը պատասխանել է.«Մենք պարտքեր չունենք»: Ըստ գործադիր տնօրենի՝ դեռևս առողջացման ծրագիր որպես այդպիսին պլանավորած չկա՝ «Սպասում ենք կայունացմանը ու ոչ միայն համաշխարհային շուկայում, այլև Հայաստանի Հանրապետությունում»:
Գործարանի աշխատակիցները հաղորդել են, որ պատրաստվում են վաղը փակել Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհը՝ նման կերպ արտահայտելով իրենց բողոքը գործարանի մասնակի փակման կապակցությամբ: