Առաջընթացի մասին խոսք լինել չի կարող
21:12, January 16, 2013 | Նորություններ«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Հավասարակշռության մեջ ժողովրդավարության նվաճումները» 2013թ. զեկույցում Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքը. քաղաքական իրավունքների առումով, 7 միավորանոց համակարգով, գնահատվել է 5` գրանցելով առաջընթաց, իսկ քաղաքացիական ազատություններում` 4 միավոր: Նշենք, որ 7 միավորը համարվում է նվազագույն ցուցանիշը, իսկ 1 միավորն ամենալավ ցուցանիշն է:
Արդյունքում ստացվում է, որ մենք քաղաքական ազատությունների առումով այնքան էլ բարենպաստ դիրքում չենք: Շոշափելի առաջընթաց միայն քաղաքացիական ազատությունների առումով է արձանագրվել: ««Freedom House»-ի գնահատականները երկրում քաղաքական, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների վերաբերյալ պետք է ոչ թե մեխանիկորեն դիտարկել, այլ համեմատության մեջ: Հետեւաբար, մենք շատ վատ վիճակում ենք: Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում, ապա դա էլ արդյունք չէ: Եթե մարդը մեկ տարով մեծացել է, դա դեռ չի նշանակում, որ դա էական առաջընթաց է»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Համեմատության համար ասեմ, որ քաղաքական ազատություններն Իրանում էլ են 6 բալ գնահատվել, Մոնղոլիայում, «Freedom House»-ը քաղաքական ազատությունները 2 բալով է գնահատել, Մալիում 2.5 է գնահատվել: Մենք Մադագասկարի մակարդակի ենք:
Այսքանից հետո խոսել առաջընթացի մասին՝ նշանակում է սոփեստությամբ զբաղվել»,-ավելացրեց Սաքունցը: Նշենք, որ հարեւան Ադրբեջանը, նույն զեկույցի համաձայն, դասվել է ոչ ազատ երկրների շարքը` քաղաքական իրավունքների առումով գնահատվելով 6, իսկ քաղաքացիական ազատությունների առումով՝ 5 միավոր: Մեր մյուս հարեւաններ Վրաստանը եւ Թուրքիան դասվել են մասամբ ազատ երկրների շարքը: Վրաստանը քաղաքական իրավունքների առումով գնահատվել է 3 միավոր եւ նույնքան էլ՝ քաղաքացիական ազատությունների: Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է մասամբ ազատ. քաղաքական իրավունքների համակարգում ստացել է 5` գրանցելով առաջընթաց, քաղաքացիական ազատությունների համակարգում՝ եւս նույնքան միավոր:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/101670/