Արգելում են գնալ Երևան
00:00, February 22, 2008 | Տեղաշարժի ազատություն2008թ. փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Երևան ճանապարհին՝ Վանաձորից մոտ 10կմ հեռավորության վրա, կանգնեցրել են Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքին մասնակցելու մեկնող միկրոավտոբուսը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Լևոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբից ստացված ահազանգի հիման վրա մեկնել է վերը նշված վայրը:
360S258 պետհամարանիշի ֆորդ տրանզիտ մակնիշի միկրոավտոբուսը կանգնած է եղել այդ հատվածում: Քաղաքացիները, որոնք այդ միկրոավտոբուսով գնում էին մասնակցելու փետվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, Երևանում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրասյանի հանրահավաքին մասնակցելու, հայտնել են, որ ճանապարհային ոստիկանության Վանաձորի բաժնի պետը՝ Մ. Կարապետյանը, վարորդից վերցրել է փաստաթղթերը՝ խոչընդոտելով նրանց ազատ տեղաշարժը: Այդ գործողությամբ Մ. Կարապետյանը, որպես պաշտոնատար անձ, խոչընդոտել է քաղաքացիների ազատ տեղաշարժի և խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքները:
Մ. Կարապետյանը պատճառաբանել է, թե վարորդ Համլետ Ներսիսյանն իրավունք չունի զբաղվելու ուղևորափոխադրությամբ: Նույն վայրում Մ. Կարապետյանն արգելել է լրագրող Նաիրա Բուլղադարյանին լուսանկարել միկրոավտոբուսն ու հարցազրույց վերցնել Երևան մեկնողներից:
Մ. Կարապետյանի գործողությունները ՀՀ «Քրեական օրենսգրքի» 108-րդ, 109-րդ, ինչպես նաև 164-րդ հոդվածների հատկանիշներով քրեորեն պատժելի արարք են համարվում:
Այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է Լոռու մարզի գլխավոր դատախազություն՝ պաշտոնատար անձի պաշտոնական լիազորությունների չարաշահման և լիազորությունների անցման փաստով քրեական գործ հարուցելու, վարորդի փաստաթղթերը վերադարձնելու և քաղաքացիների ազատ տեղաշարժը ՀՀ տարածքում ապահովելու համար:
ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ