Արթուր Սաքունցը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դեմ
13:15, February 20, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Զինված ուժերԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսան Սուքոյանի նախագահությամբ այսօր հրավիրվել էր նախնական դատական անդրանիկ նիստ: Հայցվոր կողմը «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունն էր, իր ներկայացուցիչներով՝ գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցով եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանով: Իսկ պատասխանող էր ճանաչվել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանը:
Հայցվոր կողմը վիճարկում է «Հրապարակ» թերթի եւ հեռուստատեսային «Զինուժ» ծրագրում ՀՀ ոստիկանապետի կողմից ՀՔԱՎ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող արտահայտությունները եւ պահանջում է հրապարակավ հերքել դրանք, հատուցել 10 դրամ՝ որպես հատուցում:
Հայցվոր կողմը հանդես եկավ հայցադիմումի լրացմամբ, մասնավորապես, հայտնելով, որ պատասխանողը News.am-ին տված հարցազրույցում հստակեցրել է, թե կոնկրետ նկատի է ունեցել հայցվորին եւ կազմակերպությանը: «Պատասխանողը միտումնավոր կասկածի տակ է դնում կազմակերպության կողմից իրականացվող իրավապաշտպանական գործունեությունը: Պատասխանողն իր ելույթներում ուղղակիորեն, առանց անուններ նշելու, իր խոսքից պարզ է, թե ում մասին է խոսում, վիրավորում է նաեւ քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ եւ համարձակ ներկայացուցիչներին, ովքեր բարձրացրել են անօրինականությունների թեման, հասարակության մեջ արդիական թեմաներից՝ բանակում մահացությունների թվի եւ մեղավորներին չպատժելու թեման»,- ասաց Վահե Գիրգորյանը, սակայն փաստաբան Արա Զոհրաբյանը նկատեց, որ հայցի առարկան չի ներկայացնում Վահե Գրիգորյանը, այլ հայցի բովանդակությունը: Վահե Գրիգորյանը ներկայացրեց հայցադիմումի հիմքերը՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդվածներից:
Նախնական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին, ժ.15.00-ին:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/02/20/40160/