Արթուր Սաքունցը նամակներ է ուղարկել ԱԺ 131 պատգամավորներին. գրավոր պատասխան չի ստացել դեռ ոչ մեկից
18:05, September 18, 2013 | Նորություններ | Սոցիալական իրավունքներ | Քաղաքացիական վերահսկողությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԱԺ բոլոր 131 պատգամավորներին նամակ է ուղարկել՝ հարցում անելով, թե արդյոք կո՞ղմ են Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը, թե ոչ:
Արթուր Սաքունցը, թեև տեղյակ է, որ սեպտեմբերի 9-ին Վանաձորից ուղարկված նամակները հասել են պատգամավորներին, սակայն դեռևս ոչ մի պատգամավորից գրավոր պատասխան չի ստացել։
«Բոլորին նույն բովանադակությամբ հարցում ենք ուղարկել, և ես տեղյակ եմ, որ պատգամավորները ստացել են, որովհետև առանձին պատգամավորներ ասել են, թե «էս ինչ եք հեղեղել ԱԺ-ն նամակներով»։ Հետո առանձին զանգեր են եղել, որ ստացել ենք, բայց դեռևս որևիցե մեկից գրավոր պատասխան չեմ ստացել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե արդյոք նա մոտավոր չգիտի պատկերը, թե որ խմբակցության պատգամավորն ի՞նչ պատասխան է տալու, Սաքունցը պատասխանեց. «Չէ, ես չեմ պատկերացնում, մինչև առձեռն պատասխանը չերևա, որովհետև ամեն մի պատգամավորին դա անհատական է ուղղված և ամեն պատգամավոր անհատական է պատասխանելու։ Երբ կստանամ պատասխանները, այդ ժամանակ կստանամ պատկերը»։
Արթուր Սաքունցն ընդգծեց, որ իր համար կարևոր է, թե յուրաքանչյուր պատգամավոր ինչ է մտածում։ «Թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը, ըստ էության, անմիջականորեն մասնակցում է երկրի քաղաքականության ձևավորման, որպես որոշում ընդունող մարմին, պատասխան տան ինձ՝ որպես հարկատուի, որպես քաղաքացու և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձի, որովհետև ամեն պատգամավորի պատասխանն ինձ համար նշանակություն ունի»,- ասաց նա։
Արթուր Սաքունցը նաև տեղեկացրեց, որ պատասխանի ժամկետը առավելագույնը մեկ ամիս է, որն ուղարկվել է տեղեկատվության մասին օրենքի շրջանակներում և բացի այդ կարող է դիտարկվել նաև դիմումների, նամակների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի շրջանակներում։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/09/18/arthur-saqunc/