Արթուր Սաքունց. «՝Մենք ստրուկներ ու հպատակներ չենք»
20:12, April 25, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Զինված ուժեր, Կոռուպցիայի կանխարգելում«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ կարծիք հայտնեց, որ այլընտրանքային զինծառայողների նկատմամբ քաղաքացիական հսկողություն պետք է լինի, այլ ոչ թե ուժային հսկողություն:
Խոսելով գործող օրենքի մասին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Ընդունման սկզբից մեռյալ օրենք էր, օրենքը չէր ապահովում այլընտրանքային ծառայություն: Մենք ստրուկներ ու հպատակներ չենք: Զինապարտության տարկետում է ստացել 1270 քաղաքացի, որոնցից առաքելական եկեղեցու 625 հետևորդ, իսկ այդ ժամանակաընթացքում 444 Եհովայի վկա է դատապարտվել: Ինչու՞: Ինչո՞ւ է խտրականություն դրվել: Դրանք (եհովայի վկաները) հաստատ ոչ մի անգամ վտանգ չէին ներկայացնի»:
Անցնելով արդեն առաջարկվող փոփոխություններին եւ հակադարձելով ՀՀ արդարադատության նախարարի եւ մնացյալ պատգամավորների այն դիտարկումներին, որ խղճի եւ կրոնի ազատությունը չպետք է վնասի ազգային անվտանգության հարցերին՝ ասաց. «Կոռուպցիան է ազգային անվտանգության սպառնալիքը, հազարավոր պաշտոնյաների երեխաներ չեն ծառայում բանակում: Ովքե՞ր են քննելու, այդ հանձնաժողովի կազմում հավատաքննությո՞ւն է կատարվելու: Առողջապահության, ոստիկանության ներկայացուցիչնե՞րը պետք է քննեն` ես հավատացյա՞լ եմ, թե` ոչ»:
Սաքունցը կարծում է, որ «մարդկային քաղաքակրթության նվաճումներից օգտվելու իրավունքները» մեր պետք է թարմացնենք. «Մենք պետք է գնանք ոչ թե հետադիմական ճանապարհով: Խղճի թելադրանքով մարդուն ապահովել զինծառայությունից հրաժարումը պատժելի չպետք է լինի: Ժամկետները, ընթացակարգերը պետք է հստակ լինեն: Օրենքը պետք է ազդի ՔԿՀ-ներում գտնվող այդ բոլոր մարդկանց վրա: Կոչ եմ անում, որ քաղաքական մեծամասնությունը խնդրին մոտենա մարդու արժանապատվության տեսանկյունից: Մենք չպետք է մեզ թույլ տանք հետ մնալ աշխարհում զարգացումներից, դա զարգացում է, այլ ոչ հետընթաց»:
Սաքունցը մտավախություն հայտնեց նաեւ, որ նման քաղաքացիներին «ոչ արժանապատիվ» աշխատանք կառաջարկվի: Ինչի դեմ ընդվզեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը. «Ի՞նչ է նշանակում «ոչ արժանապատիվ» աշխատանք: Ցանկացած աշխատանք էլ արժանապատիվ է եւ հարգանքի արժանի»:
Սաքունցն ի պատասխան բերեց այնպիսի զավեշտալի օրինակ, ինչպես, ասենք, մարդուն կստիպեն ինչ որ իրեր տեղափոխել ձեռքով`պատճառաբանելով, թե այդ նույն աշխատանքը մեքենայով կատարելիս ավելի թանկ կարժենա կամ բարդ կլինի`տեղանքի իմաստով:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/04/25/235673/