Արթուր Սաքունց. «Ցույց են տալիս, թե պայքարում են կոռուպցիայի դեմ»
00:00, March 21, 2011 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումԼոռու մարզի դատախազությունում պաշտոնական դիրքի չարաշահման եւ կաշառք ստանալու մեղադրանքով հարուցվել է քրեական 4 գործ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ուրբաթ օրը բավարարեց ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի միջնորդությունը՝ երկու ամսով երկարացնելով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիների կալանքի ժամկետը:
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբույժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանը եւ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանը, համաձայն ոստիկանության, մեղադրվում են Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց 55 հազար դրամ կաշառք վերցնելու համար:
Բացի բժշկուհիների կողմից կաշառք ստանալու գործից, այս տարի Լոռու մարզի դատախազությունում կաշառք ստանալու եւս 2 գործ է հարուցվել: Դրանք առնչվում են ընտանեկան նպաստի եւ թոշակների հատկացման գործընթացներին:
Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ասում է, թե կոռուպցիայի եմ իրենց պայքարն իրականում արդյունավետ է, եւ իրենք ցուցանիշներ ցույց տալու համար չէ, որ հարուցել են այս գործերը։
Դատախազը օրինակ է բերում 2010 թվականին պետական միջոցների յուրացման համար հարուցված քրեական գործերը, որոնց քննության արդյունքում պետբյուջե է վերադարձվել 54 միլիոն դրամ:
Մինչդեռ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հակադարձելով դատախազին, մատնացույց է անում այնպիսի գործեր, որոնք իրավապահները տարիներ շարունակ անուշադրության են մատնում:
«Տարիներ առաջ Ստեփանավանի քաղաքապետի կողմից դիրքի չարաշահումը՝ երբ կրակել էր համաքաղաքացու վրա», – հիշում է Սաքունցը՝ նշելով, թե այս գործը փակվեց, քաղաքապետն էլ համաներմամբ ազատ արձակվեց:
Սաքունցը Լոռու իրավապահների՝ կոռուպցիայի դեմ պայքարը համարում է իմիտացիա։
«Ցույց են տալիս, թե պայքարում են կոռուպցիայի դեմ՝ մանր ու միջին օղակի աշխատողների հետեւից ընկնելով», – ասում է իրավապաշտպանը։
Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/2343573.html