Արթուր Սաքունց. Թոմաս Համարբերգը ոչ թե միջամտում, այլ աջակցում է բանակին
00:00, January 25, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Քրեակատարողական հիմնարկներԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստան կատարած այցի ընթացքում խորը մտահոգություն հայտնեց բանակում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ:
«Առաջին լրատվական»-ը իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե եվրոպական կառույցներում հայկական բանակում տիրող վիճակի մասին մտահոգությունները բարձրաձայնելն արդյոք չի՞ առնչվում մեր ներքին խնդիրներին և անվտանգությանը: «Թոմաս Համարբերգը, արձագանքելով բանակում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման փաստերին, չի միջամտում բանակի ներքին գործերին` ուղղորդելով, թե Հայաստանի զինված ուժերն ինչ գործողություններ կատարեն կամ պատերազմից առաջ ինչ զենք օգտագործեն, ինչպիսի օրենքներ ընդունեն: Նա չի զբաղվում բանակի կառավարման կամ զորքերի` ըստ նշանակության օգտագործման հարցերով: Համարբերգի և եվրոպական կառույցների մտահոգությունն արտահայտվում է մարդու իրավունքների խախտումները հայտնաբերելով: Եվ կապ չունի` մարդու իրավունքները խախտվո՞ւմ են կալանավայրերում, ոստիկանությունում, ծերանոցներում, թե՞ բանակում: Իսկ բռնությունները, խոշտանգումները, մարդու արժանապատվությունը նվաստացնող երևույթները տեղի են ունենում հիմնականում բանակում, քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության բաժանմունքներում»,- ասաց Արթուր Սաքունցը: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թոմաս Համարբերգը խոսել է քաղաքացիական վերահսկողության մասին, անդրադարձել արդար դատաքննություն անցկացնելու անհրաժեշտությանը: «Կարծում եմ, որ Համարբերգի նկատառումները ունեն աջակցելու և ոչ թե միջամտելու իմաստ»,- նշեց մեր զրուցակիցը: