Արտեմը վիրավորվել է հուլիսի 27-ին. Կարոն մեկ օր առա՞ջ է նրան սպանել
00:00, August 12, 2010 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԺամկետային զինծառայող, Չարենցավանի բնակիչ Արտեմ Մանասյանի (նա հուլիսի 28-ին զորամասում սպանված 6 զոհերից մեկն է) վիրավոր լինելու բոթը Մոսկվայում ապրող ծնողներին է հասել հուլիսի 27-ին, 21.30-ի սահմաններում` ծանոթներից մեկի միջոցով:
Սա հիմնավորում է մեր այն կասկածը, որ դեպքը եղել է ոչ թե հուլիսի 28-ին, ինչպես նշում է պաշտոնական լրատվությունը, այլ հուլիսի 27-ի երեկոյան: Այս լուրը մի կերպ հաջողվեց ճշտել Արտյոմ Մանասյանի մորից` Քնարիկ Մանասյանից, քանի որ «Ժամանակ»-ի թղթակցի եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համակարգող, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ մեր այցը գրեթե սվիններով ընդունեց Արտեմի հայրը: Նա մեզ ասաց, որ իր որդին այլեւս չկա, նրան մենք չենք կարող հետ բերել եւ չենք կարող որեւէ բանով օգնել, ուստի ագրեսիվ տոնով դուռն արդեն ուզում էր փակել մեր առաջ: Իհարկե, կասկածելի համարելով նման պահվածքը, այդուհանդերձ, ըմբռնումով մոտեցանք իրավիճակին եւ նրանց հետ երեխայի մասին պարզապես զրուցելու մեր փորձը մի փոքր հաջողվեց: Տիկին Քնարիկը խնդրեց դռան առաջից ներս գալ, եւ մենք կարողացանք թեկուզ կարճատեւ, բայց որոշ մանրամասներ պարզել Արտյոմի մասին: Մայրն ասաց, որ հաճախակի է խոսել ծառայության մեջ գտնվող որդու հետ: Վերջին խոսակցությունը եղել է վիրավորվելու օրը` հուլիսի 27-ին, ժամը 15-ին: Նա մորն ասել է, որ «պոստի» հերթափոխը հանձնել է եւ իջել ներքեւ` հանգստանալու: Որդին ասել է, որ ավելի ուշ կխոսեն` ժամը 20-ի կողմերը, սակայն մոր եւ որդու խոսակցությունը չի կայացել: Մայրը մտածել է` որդին զբաղված է եւ չի ցանկացել նրան անհանգստացնել: Իսկ մոտ 1, 5 ժամ անց Մոսկվայում գտնվող իրենց ծանոթից իմացել են, որ որդին վիրավորվել է: Նրանք Մոսկվայից շտապել են Երեւան, որտեղ էլ զինվորականներից իմացել են, որ որդին մահացել է. քննչական մարմինների ներկայացուցիչներն ասել են, որ սպայի եւ զինվորների միջեւ վեճ է ծագել, ինչի արդյունքում զինվորներից մեկը կրակել է 5 հոգուն, հետո ինքնասպան եղել: Դա ճիշտ է, թե սուտ` ծնողները չգիտեն, բայց նրանց ունեցած տեղեկություններով` կրակոցների պահին Արտյոմը «բլինդաժից» դուրս` մերձակայքում է նստած եղել, եւ երբ կրակոցը դիպել է նրան` նստած տեղից գլխիվայր ընկել է գետնին:
Մայրն ասաց, որ որդին բանակում հետախույզ է եղել, մինչ այդ սպորտով` սամբոյով է պարապել, եղել է սպորտի վարպետ: Արտյոմը ծառայությունից չի դժգոհել, այդ ընթացքում որեւէ գումար չի ուզել: Չորս ամիս հետո պետք է զորացրվեր: Որոշել էր բանակից վերադառնալ եւ սովորել: Իսկ մինչ բանակ զորակոչվելը ծնողների հետ երկար ժամանակ Մոսկվայում էր ապրել, իսկ այստեղ` տատիկն էր նրան պահել:
Արտեմ Մանասյանի դիահերձմանը հայրն էր ներկա եղել, ով դեմ էր մեր ներկայությանը եւ չասաց, թե ինչ վնասվածքներ են եղել որդու վրա: Մայրը չգիտեր, թե կոնկրետ ինչ վնասվածքներ կային մարմնի վրա, սակայն տատիկն ասաց, որ կրակոցների հետքեր են եղել: Մեր ողջ զրույցի ընթացքում Արտեմի հայրն անընդհատ կնոջը նկատողություն էր անում` «շատ ես խոսում»:
17 տարի օտարության մեջ ապրած որդեկորույս մայրը զայրացած ասաց, որ միլիոն երեխա ու թոռ էլ ունենա` չի ուղարկի բանակ, «Հայաստանն էլ, Հայաստանի տերն էլ…»:
Հ. Գ. Իհարկե, ցավով ենք նշում այս խոսքերը, եւ դրա համար ինձ գուցե շատերը քննադատեն, բայց իրականում բոլորս էլ կապված ենք մեր երկրին, պարզապես իշխանական աթոռներին նստածների սարքած կեղտը թաքցնելով` մենք չենք կարող պայքարել բանակում տիրող կիսագողական բարքերի դեմ: Մենք բոլորս պարտավոր ենք գտնել ճշմարտությունը, մեր զինվորին, մեր երկրի պաշտպանին հաստավիզ բորենիների ձեռքից ազատելու եւ նման դեպքերը գոնե նվազագույնի հասցնելու համար: Համենայնդեպս, մեր նպատակը ազնիվ է` ի տարբերություն քաղաքականություն խաղացող եւ այս քաոսը ավելի խորացնող բարձրաստիճան այրերի: Իսկ պետությո՞ւնն ինչ է անում` ճշմարտությունը բացահայտելու եւ զինվորին պաշտպանելու համար:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/15713/