Բանակը ոչ թե գաղտնի, այլ փակ համակարգ
00:00, November 16, 2010 | Քննարկումներ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ «Բանակ եւ հասարակություն» թեմայով քննարկում էր կազմակերպել:
Բանակում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերի, կոռուպցիայի եւ ամենաթողության, «դեդովշչինայի» լինել-չլինելու հարցերից մինչեւ ռազմական բյուջեի փակ լինելու հարցերը քննարկվեցին: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վերջին սպանությունները բանակի իրական պատկերը չի համարում, որովհետեւ խաղաղ պայմաններում զինվորների մահացության արձանագրված 34 դեպքերից միայն 10-ի վերաբերյալ է ՊՆ-ն սկզբնաղբյուր հանդիսացել, մնացած դեպքերի մասին հանրությունն իմացել է միայն իրենց ահազանգից հետո:
Իրավապաշտպանի խոսքով՝ բանակում բռնության եւ արժանապատվությունը նվաստացնող դեպքերի բացահայտումներն ավելի բարդ են, որովհետեւ բռնության ենթարկված զինվորները իրենց բռնության ենթարկողի հետ համաձայնության են գալիս: Բանակն այսօր, ըստ Արթուր Սաքունցի, ոչ թե գաղտնի է, այլ փակ համակարգ է, եւ որքան այդպես շարունակվի, կասկածներն ավելի են խորանալու: Իրավապաշտպանի խոսքով՝ 1995 թվականից ի վեր ԶՈւ-ն եւ ոստիկանությունը որեւէ բարեփոխման չեն ենթարկվել, փոփոխությունները, ինչպես մյուս ոլորտներում, զուտ իմիտացիոն բնույթի են ու թղթի վրա:
Ըստ Սաքունցի՝ զինված ուժերում կան պրոֆեսիոնալ սպաներ, որոնք իրապես մտահոգված են բանակի խնդիրներով, բայց նրանք որեւէ մասնակցություն չունեն ընդունվող որոշումների մեջ: «Խաչատուրովը՝ գենշտաբի պետը, պաշտպանության նախարարը եւ գերագույն գլխավոր հրամանատարը՝ 3 հոգի, ուղղակի պատասխանատվություն ունեն էն ամենի համար, ինչ որ կատարվում է բանակում: Կախված նրանց հարաբերությունների բնույթից, կարող են խնդիրները լուծվել այս կամ այն կերպով»,-ասաց իրավապաշտպանը: Խնդիրների թվում նա նշեց Զինված ուժեր-բիզնես սերտաճումը ու նկատեց. «Գեներալը եթե ունի բիզնես՝ միջհամայնքային տաքսի ծառայություն, կազինոներ… դա չի՞ մտահոգում, ընդ որում, դրանք սովորական կապիտաններ չեն, դուք էլ շատ լավ գիտեք բանակի ներսում եւ դրա դեմը չեք կարողանում առնել»:
ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը նման մոտեցումը ծայրահեղ է համարում: Բանակում, ըստ նրա, թե քաղաքացիական վերահսկողության, թե այլ ուղղություններով առաջընթաց կա: Ալեքսանդր Ավետիսյանը սխալ է համարում այն տեսակետը, թե ՊՆ-ն միտումնավոր չի հրապարակում բանակում տեղի ունեցածը, որովհետեւ «ժամանակաշրջանն է ստիպում, որ փակ համակարգերում տեղի ունեցող իրադարձություններն էլ ժամանակ առ ժամանակ դուրս ժայթքեն»։
Արթուր Սաքունցը բանակի առողջացման խնդրում կարեւորեց հանցագործությունները բացահայտելու գործում անաչառ քննություն անցկացնելու հանգամանքը եւ թարմ օրինակ բերեց՝ Մարտունիի 6 զինվորի սպանության գործը, որի փորձաքննության արդյունքներին քննչական ծառայությունը զոհվածների իրավահաջորդներին չի ծանոթացնում: «Տեղի է ունենում հանցագործությունների կոծկում: Կոնկրետ փաստերով կարող եմ ասել»,-հայտարարեց իրավապաշտպանը:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ «Իմպուլս» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանը, ով 2010-ին է զորացրվել: Նա բանակը վարդագույն ակնոցով ներկայացրեց ու ասաց, որ սպանությունների «այդ 40 դեպքերը բացառություններ են», իսկ «օրինաչափությունն» այն է, որ «Ղարաբաղից, Լենինականից եկած մարդիկ կարող են համերաշխ ապրել»: Ինչ վերաբերում է «դեդովշչինային», Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով՝ այն մեր բանակում բացակայում է:
ՀԳ – «Սիվիլիթաս»-ի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց բանակում խաղաղ պայմաններում մահացության դեպքերի վիճակագրությունը՝ 1998 թվականից սկսած: Այնտեղ նվազման միտում կար. 1998-ին 171 դեպք էր արձանագրվել, 1999-ին՝ 86, 2004-ին՝ 38, 2006-ին՝ 33… Թվական տվյալների հետ կապված հետաքրքիր դիտարկմամբ հանդես եկավ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա խոսեց 2005-ից ու ասաց, որ ԱԳՆ-ի կայք-էջում «Հյուման ռայթս ուոթչ» կազմակերպության՝ բանակում զոհվածների թվի վերաբերյալ հարցմանն ի պատասխան ընդամենը 12 դեպք է նշվել, նույն թվականին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ բանակում այդ թիվը կտրուկ քչացել է եւ ընդամենը 42 զոհ կա, ՊՆ-ից Հելսինկյան կոմիտեին պատասխանել են, որ բանակում զոհվածների թիվը 28-ն է, իսկ զինդատախազությունից՝ 89: «Շատ հետաքրքիր հարց է, թե ո՞րն է իրական թիվը»,-իրարամերժ թվերը ներկայացնելիս նկատեց Ավետիք Իշխանյանը:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2010/11/16/banake-voch-te-gaxtni-ayl-pak-hamakarg/