ԲՀԿ-ն չի միանա Հովհաննիսյանի նախաձեռնած շարժմանը
20:57, April 22, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՈչ իշխանական քաղաքական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որ չի միանա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական շարժմանը:
Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Հովհաննիսյանն անցած ուրբաթ կոչ է արել ստեղծել «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում, որը պետք է ուղղորդի ընտրությունների արդյունքները չընդունող Հովհաննիսյանի առաջնորդած շարժումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր կարծիքով «Ժառանգությունը» չունի հստակ քաղաքական օրակարգ, երբ դա լինի, իրենք այդ ժամանակ էլ կքննարկեն այդ շարժմանը միանալու հարցը:
«Քանի դեռ նման քաղաքական օրակարգ տեսանելի չէ, մենք ըմբռնումով ենք մոտենում, իհարկե, ցանկացած քաղաքական ուժի գործունեությանը, աշխատաոճին, բայց մենք քաղաքական օրակարգը, հստակ քաղաքական ծրագրերը, հստակ քաղաքական նպատակները գերադասում ենք եկեղեցական ծիսակարգերից, մոմավառություններից, գերադասում ենք գեղեցիկ, դեկլարատիվ հռչակագրերից», – մասնավորապես ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մինչդեռ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը հույսեր կապում են Հովհաննիսյանի առաջարկած շարժման հետ: ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ընտրացուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը ԲՀԿ-ի այն դիտարկմանը, թե «Ժառանգությունը» չունի օրակարգ, պատասխանում է, որ նորաստեղծ այդ շարժումը, կարծես թե, գնում է օրակարգի ձեւավորման ճանապարհով:
«Բոլորի մոտ այդ անհանգստությունը կա, կամ անհասկացողությունը կա»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Խաչատրյանը` շարունակելով. – «Ստրատեգիական առումով, վերջնական խնդրի լուծման առումով, որեւիցե տարաձայնություն չկա: Կարող է զուտ տակտիկական, ինչ-որ խնդիրների լուծման ժամանակ մեկս գտնի, որ այս քայլն ավելի ճիշտ է, մեկս գտնի, որ այս քայլն է սխալ: Բայց, ի վերջո, սա շարժման տրամաբանությանը չի խանգարի, եւ մենք ամենակարեւորը` այն կեցվածքը երբեւիցե պիտի չունենանք, որ մեկս մեկից նեղացել ենք: Մենք չունենք»:
ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ չհամաձայնելով Հովհաննիսյանի որոշ մոտեցումների հետ, այդուհանդերձ, այդ շարժումը կազմակերպելու կողմնակիցն են. – «Այս շարժումը պետք է ուղղորդել, հստակ ծրագրային նպատակներ դնել, հանգրվաններ դնել, եւ քայլ առ քայլ հաղթահարելով` գնալ առաջ: Մենք չենք կիսում այն մոտեցումները, որ հնարավոր է ինչ-որ ապրիորի միասնականություն` վերքաղաքական, վերազգային: Նման բաներ չեն լինում, ամեն բան կոնկրետ է իր դրսեւորումների մեջ»:
Հովհաննիսյանի կոչն ուղղված էր նաեւ քաղաքացիական հասարակությանը: Դրա ներկայացուցիչները տարբեր կերպ են արձագանքում «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժմանը միանալու կոչին: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ չեն միանա այդ շարժմանը, բայց կսատարեն դրան: Իշխանյանը կասկածում է «Նոր Հայաստանի» հաջողությանը, քանի որ, նրա խոսքով, այս պարագայում նպատակ կա նույնացնել քաղաքական ու քաղաքացիական շարժումները, ինչը ճիշտ չէ:
«Փորձ է արվել կուսակցականից գալ քաղաքացիական շարժման, ինչը որեւէ հաջողության չի հասնի», – հավելում է Իշխանյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւս չի միանա շարժմանը` քաղաքական ու քաղաքացիական շարժումները համարելով անհամատեղելի:
«Այսինքն քաղաքական ուժը ռեսուրսներ չունի ինձ առաջարկելո՞ւ, ասում է` ձեր ռեսուրսները եկեք, ներգրավեք իմ մեջ եւ դարձեք քաղաքական ուժ: Բայց մենք քաղաքական ուժ չենք ուզում դառնալ, դա նշանակում է, որ մենք, ըստ էության, դառնում ենք քաղաքականության շարունակություն քաղաքացիական հասարակության մեջ: Մենք ոչ թե քաղաքականության սուբյեկտ ենք, այսինքն քաղաքականության գործիք ենք, այլ քաղաքական գործիքների վրա ազդողն ենք», – ասաց Սաքունցը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ասաց, որ քանի դեռ ծրագիր չկա, միանալ-չմիանալու մասին վաղ է խոսել: Բարսեղյանն ասում է, որ «Ժառանգության» առաջնորդը, չունենալով նվազագույն գործողությունների պլան, հիասթափեցրեց իր ընտրազանգվածին կամ հավատարիմներին, ու այժմ դժվար կլինի վերականգնել նրանց վստահությունը:
«Ես մինիմում ինչ-որ ծրագիր պետք է տեսնեմ` համոզվելու համար, որ դա այն ուղղությունն է, որտեղ կարող եմ շատ ավելի ակտիվ ներգրավվել», – ասաց Բարսեղյանը` շեշտելով, որ միեւնույն ժամանակ պատրաստ է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել շարժմանը:
Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/24964317.html