Բողոքի ակցիաներ կազմակերպած ազատամարտիկը «խարդախության» մեղադրանքով կալանավորվել է, մարտական ընկերների պնդմամբ՝ դա քաղաքական հետապնդում է
06:26, October 23, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, ՈստիկանությունՂարաբաղյան պատերազմի մասնակիցների բողոքի ակցիաները նախաձեռնած ազատամարտիկը դատարանի որոշմամբ կիրակի երկու ամսվա նախնական կալանքի է ենթարկվել:
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ում` այս տարվա մայիսին անցկացրած նստացույցից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանները սկսեցին համախմբված ու պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով բարելավել իրենց սոցիալական պայմանները, մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ:
Համաձայն պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրության` «Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար»:
Ավետիսյանի մարտական ընկերներից շատերը, դատապարտելով նրա ձերբակալությունը և կալանավորումը, կարծիք են հայտնում, որ իրենց ընկերոջը ձերբակալել են լռեցնելու համար: Պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը, «աբսուրդ և անհեթեթություն» որակելով տեղի ունեցածը, չի բացառում, որ Ավետիսյանի կալանավորման նպատակը կարող է լինել պայքարի չորս ամիսների ընթացքում իրենց արձանագրած որոշակի հաջողությունները խոչընդոտելու փորձ:
«Երեկ ես խոսել եմ քննիչի հետ, ու ինքն ինձ ասաց, թե բավարար ապացույցներ ունի, որ Վոլոդյան օգոստոսին էդպիսի գործարքի մեջ է մտել, ասաց, որ հեռախոսն են լսել, ռազմական ոստիկանությունն է զբաղվել այս գործով… Ես էլ հակադարձեցի, թե մենք չորս ամիս է` էս շարժման մեջ ենք, Վոլոդյան շատ լավ գիտեր, որ կարող է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում լինել, որ իր ամեն քայլը հսկվում է, որ կարող են հեռախոսը լսել, ինչպես կարո՞ղ էր նման քայլի դիմել` այդքանը հաշվի առնելով հանդերձ: Երկրորդ` ես Վոլոդյային վաղուց եմ ճանաչում, նա անբասիր կյանք է ունեցել, ամբողջ պատերազմով է անցել, ես նրան գիտեմ որպես ազնվագույն տղայի, նա երբեք նման քայլի չէր գնա, մենք չենք հավատում դրան»,- ասաց Մկրտչյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ համարում է, որ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը «միանշանակ քաղաքական հետապնդում է»:
«Ցանկացած պարագայում այն կապված է նրա քաղաքացիական, [որոշների համար] քաղաքական ակտիվության հետ, բայց Լիսկայի [Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի] տղայի ու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման փաստի պարագայում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը անբարոյականություն է»,- կարծում է Սաքունցը:
Հոդվածը, որի հատկանիշներով մեղադրվում է Ավետիսյանը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Հետաքրքրական է, որ դատարանը մերժեց, ըստ մեղադրանքի` 2000 դոլար հափշտակած Ավետիսյանին մոտ 7400 դոլար գրավի, հինգ միավոր անշարժ գույքի գրավի և 20 ազատամարտիկների երաշխավորության դիմաց ազատ արձակել: Փաստաբան Արա Զաքարյանի փոխանցմամբ` դատարանն ասել է, թե «Ավետիսյանը ազատության մեջ լինելով՝ կարող է խոչընդոտել նախաքննությունը և կատարել նոր հանցագործություն»։
Փաստաբանն ասում է` Ավետիսյանը հրաժարվել է որևիցե բան ասել քննչական մարմնին և «հրապարակավ կասի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի»: