Բռնությունը չի հաղթի…
00:00, November 18, 2008 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2008թ. նոյեմբերի 17-ին հերթական ավազակային և նենգ հարձակումը տեղի ունեցավ լրագրողի նկատմամբ:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ բռնությունը շարունակությունն է նմանատիպ բռնությունների շարքի, որը հետևողականորեն և նոր թափով իրականացվում է Հայաստանում 2008թ. օգոստոս ամսից: Է. Բաղդասարյանը հայտնի է իշխանության ամենատարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունները բացահայտող հետաքննական հրապարակումներով:
«Հետքի» գլխավոր խմբագիր Է. Բաղդասարյանի նկատմամբ հարձակումը վերստին ապացուցում է, որ Հայաստանում ընտրվել է սկզբունքային և հետևողական լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ թիրախային հարձակման տակտիկան:
Այն, որ բոլոր նման հարձակումները մնացել են չբացահայտված, ուղղակիորեն հանդիսանում է իշխանությունների կողմից գիտակցված անգործություն և մեկ նպատակ է հետապնդում՝ անպատժելիության և վախի մթնոլորտի ձևավորմամբ ոչնչացնել ազատ խոսքի և մարդու իրավունքների պաշտպանության վերջին կղզյակները:
Դատապարտելով իշխանությունների կանխամտածված անգործությունը՝ միաժամանակ հայտնում ենք.
ազատ խոսքի իրավունքը, մարդու արժանապատվությունը հարգելու և պաշտպանելու մեր իրավունքը անսասան է, և բռնությունը չի հաղթի:
Հույս չունենաք:
18 նոյեմբերի 2008թ.