Բրիտանական ֆիլմերի փառատոնը Վանաձորում
10:34, February 28, 2012 | Մամլո հաղորդագրություններՄարտի 1-ին ժամը 14:00-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի փառատոնի մարզային ցուցադրությունների մեկնարկը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնը նշանավորվելու է ոչ միայն երևանյան ցուցադրություններով, այլև ծրագրում հանրապետության երեք մարզերի ընդգրկմամբ: Մարտի 1-ից մինչև 11-ը փառատոնի չորս ֆիլմը կցուցադրվի Վանաձորում, Բերդում և Գյումրիում:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի մարզային ցուցադրությունների մեկնարկը կտրվի Վանաձորում: Մարտի 1-ից – 4-ը Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Բաբելոնյան հրդեհ», «Ջնջելով Դեյվիդի հետքերը», «Չսիրվածը» և «Օլիվեր» ֆիլմերը:
Բազմաժանր ֆիլմերը ներկայացնում են պատմություններ բրիտանացիների առօրյայից, ներկայացնում համամարդկային խնդիրների նրանց ընկալումները, բացահայտում ժամանակակից աշխարհում սեփական ճակատագրի համար պայքարող մարդկանց ապրումները: Ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և մարդու իրավունքներին:
Վանաձորում փառատոնը կբացվի ժամը 15.00-ին «Բաբելոնյան հրդեհ» ֆիլմի ցուցադրությամբ: Այն ներկայացնում է Վեստ Ինդիայի կրիկետի հավաքականի մրցումների պատմությունը` վերհանելով սպորտի միջոցով մարզիկների մղած պայքարը ռասսայական անարդարության դեմ և հանուն սևամորթների իրավունքների պաշտպանության:
Փառատոնյան օրերին չորս ֆիլմերը կցուցադրվեն 15.00-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հայերեն ենթագրերով:
Վանաձորում փառատոնի բացմանը ելույթ կունենան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Ֆիլմերի փառատոնը հրաշալի միջոց է բրիտանական կինոարվեստը հասանելի դարձնել հայ հանրությանը` միաժամանակ կինոարվեստի խոսուն արտահայտչամիջոցների օգնությամբ նրանց ներկայացնել Մեծ Բրիտանիայի հասարակությանը հուզող հարցերն ու խնդիրները», նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Վանաձորում Բրիտանական խորհրդի գործընկերն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Անի Ղամբարյանին, հեռ.՝ 093 22 86 62, 0322 4 22 68: